Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին

Փորձագետները կարծում են, որ չի կարելի հույսը դնել միայն պետության և բժիշկների վրա։ Պետք է անհատապես պաշտպանվել կորոնավիրուսից և օգնել բժիշկներին։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում մայիսի 4-ից մեղմացրել են արտակարգ դրության սահմանափակումները։ Հիմա կարելի է զբոսնել, նստել բացօթյա սրճարանում, աշխատել և գեղեցկության սրահներ հաճախել։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես և սոցցանցերի որոշ օգտատերեր վարակվածների թվի աճ են կանխատեսում։

Առանց այդ էլ արդեն մի քանի օր շարունակ հայտնաբերված դեպքերի թիվն օրական հարյուրից անցնում է։ Քաղաքացիներին չի կարող չանհանգստացնել այն, որ եթե վարակվածների թիվը կտրուկ ավելանա, բժիշկները պարզապես ի վիճակի չեն լինի գլուխ հանել հիվանդների հոսքից։

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կդառնա 524 032․ Թորոսյանը թվեր է ասել

Այդ անհանգստությունն ավելի ամրապնդվեց, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված 1700 բուժաշխատողներից 300–ը վարակվել են։ Իսկ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բուժկենտրոնները գերբեռնված են և COVID-19-ի դեմ պայքարելու համար լրացուցիչ բժիշկներ են պետք։ Sputnik Արմենիան փորձել է վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե որքան երկար կդիմանա առողջապահության համակարգը։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի առողջապահության փորձագետ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ կադրային խնդիր չի կարող լինել, քանի որ երկրում 40 հազար բժիշկ կա, որոնք կարող են վերապրոֆիլավորվել և հերթափոխով աշխատել իրենց գործընկերների հետ։ Նա չի բացառում, որ մասնավոր հատվածում աշխատող բժիշկները ևս կցանկանան օգնել առողջապահական համակարգին և իրենց ներդրումը ունենալ համավարակի դեմ պայքարում։

Բարդ իրավիճակում Մելքոնյանը կարևոր է համարում բժիշկների և բուժանձնակազմի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, հավելավճարների վճարումը։ Բացի հարցի իրավական կողմի ապահովումից, նման մոտեցումը բժիշկներին թույլ կտա իրենց գնահատված զգալ։

Մելքոնյանը կորոնավիրուսի դեմ պայքարում օրդինատորների ներգրավումը ճիշտ քայլ և բժշկության ապագայի համար հաջող ներդրում է համարում, քանի որ երիտասարդ կադրերը փորձ են ձեռք բերում, մեծացնում են մասնագիտական պրակտիկան։

«Մեր բժիշկները գիտեն Հիպոկրատի երդման արժեքը, և նրանք ապացուցել են դա»,-ասաց փորձագետը։

Թու, թու, թու, կորոնավիրուսով չեն վարակվել, կամ սա «կապիկություն» է. հարցախույզ Երևանում

Սակայն Մելքոնյանը կարծում է, որ չի կարելի հույսը դնել միայն բժիշկների կամ պետության վրա, քաղաքացիները նույնպես պետք է գիտակցեն սեփական պատասխանատվությունը և պահպանեն անհատական անվտանգության բոլոր կանոնները։ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ պետությունը պետք է տարբեր միջոցներով օգնի քաղաքացիներին փոխել վարքագծի մոդելը։

Նրա խոսքով՝ սերունդները նախկինում նման խնդրի չեն բախվել, և նորմալ է, որ չեն գիտակցում խնդրի ամբողջ լրջությունը։ Մելիք-Նուբարյանը վստահ է, որ նման իրավիճակում պետք է գործի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած սկզբունքը՝ կառավարության և հասարակության միասնություն։

Արդյո՞ք տղամարդիկ ավելի հաճախ են մահանում COVID-ից․ չինացի գիտնականների պատասխանը

«Վիրուսին դիմակայելու ընդհանուր սկզբունքներ կան։ Մասնավորապես, հստակ ծրագիր է պետք, որը պետք է հրապարակային լինի, որպեսզի մարդիկ իմանան իրավիճակի զարգացման տարբերակները և կարողանան իրենց շտկումները մտցնել։ Չգիտեմ՝ մենք նման ծրագիր ունենք, թե ոչ, անձամբ ես չեմ տեսել»,-ասաց նա։

Մելիք-Նուբարյանի կարծիքով` հասկանալու համար, թե որքան երկար կարող է դիմանալ առողջապահական համակարգը, կարևոր է իմանալ, թե ինչպես է շարունակվելու վարակվածների բուժումը։ Հետագայում, ինչպես և հիմա, նրանք կհոսպիտալացվեն առանձի՞ն բուժկենտրոններում, թե՞ նրանց կսկսեն բուժել բոլոր բժշկական հաստատություններում։  

Կախված դրանից ՝ կբաշխվեն նաև բուժանձնակազմի ռեսուրսները։

«Մի փոքր անհանգստացնում է բժիշկների հիվանդացության տոկոսը։ Հայաստանում 13% է, մինչդեռ ԱՄՆ-ում և Չինաստանում՝ 3%, իսկ Իտալիայում 20%։ Այս իրավիճակում կարևոր է հերթապահությունների գրաֆիկ մշակել, արժանապատիվ հանգիստ ապահովել, որպեսզի մարդկանց մոտ «սպառման սինդրոմ» չառաջանա, նաև շատ կարևոր է մասնագիտական հոգեբանական օգնությունը»,-ասաց փորձագետը։

Նա նշեց, որ չի կարող կանխատեսել, թե որքան կդիմանա առողջապահական համակարգը, իսկ ահա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չնայած մայիսի վերջին մոտ 10 հազար վարակակիր լինելու իր կանխատեսմանը, համարում է, որ առայժմ համակարգն ի վիճակի է դիմակայել համավարակին։

ՀՀ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է Կովկասում

Ավելին, նրա խոսքով` եթե շփում ունեցած անձանց տուն ուղարկեն և նրանց փոխարեն տեղավորեն ախտանիշներ չունեցող պացիենտներին, ապա շատ երկար կարելի է դիմանալ։

Նա հավատացնում է, որ բժիշկներն առայժմ գլուխ հանում են աշխատանքի ծավալից, անհրաժեշտ սարքավորումները բոլորին հերիքում են։ Սակայն նաև կոչ է անում զգոն լինել և լայնածավալ բռնկում թույլ չտալ, որի դեպքում բժիշկները չեն կարողանա օգնել աջակցության կարիք ունեցող պացիենտներին։