ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Վանաձորում և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մեդալներ են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է Գյումրիում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) կայքը։
Նշվում է, որ հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 4-ին։ Նվագախմբի հնչյունների ներքո վետերանները Հաղթանակի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «1941-1945թթ․ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակ» հոբելյանական մեդալներ են ստացել։
Մասնավորապես, պատերազմի վետերաններ Վլադիմիր Ռապացկուն և Պյոտր Արինինին անձամբ շնորհավորել են Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Շուվալովը, Վանաձորի վետերանների խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաև «Ռոսիա» ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Տատյանա Ռուդոմետկինան։
Իր հերթին 91-ամյա Ռապացկին (գնդի որդի), որը, չնայած պատկառելի տարիքին, դեռ դասավանդում է Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում, իբրև դիրիժոր ղեկավարեց զինվորական փողային նվագախումբը։ Երաժիշտները կատարեցին կոմպոզիտոր Դավիդ Թուխմանովի «Հաղթանակի օրը» երգի գործիքային տարբերակը։