ՌԱԴԻՈ

«Լավ է, որ համավարակի պայմաններում ավանդների նվազման ցուցանիշն ընդամենը 2,4 % է». Ճզմաչյան

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ քաղաքացիների դրամային վարկերի 2,4 տոկոսով նվազման ազդեցությանը բանկերի գործունեության վրա։
Sputnik
«Լավ է, որ համավարակի պայմաններում ավանդների նվազման ցուցանիշն ընդամենը 2,4 % է». Ճզմաչյան

Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ` շրջանառվող ցուցանիշը չափազանց փոքր է, և ճիշտ չի լինի դրա հետ կապված կատարել խորը վերլուծություն։ Ըստ նրա` լավ է, որ համավարակի ազդեցության պայմաններում ավանդների նվազման ցուցանիշն ընդամենը 2,4 տոկոս է, թեև դա էլ ունի շատ պարզ բացատրություն։

«Փետրվարի, թե մարտի սկզբին, երբ դոլարի փոխարժեքը բավականին բարձրացավ ու տեղի ունեցավ դրամի անկում, այդ ընթացքում եղավ որոշակի արտահոսք, սակայն կարճ ժամանակամիջոցում մեր քաղաքացիները նորից բերեցին իրենց գումարներն ու ներդրեցին բանկերում։ Որոշ անձինք էլ նախկինում ներդրված դրամային ավանդները տեղաբաշխեցին դոլարով»,– նշում է մասնագետը։

Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել

Սամվել Ճզմաչյանի գնահատմամբ` տվյալ երևույթի բացատրությունները հիմնականում կրում են լոկալ բնույթ։ Ըստ նրա` վտանգ չկա, քանի որ բանկերում այսօր լիկվիդայնությունը շատ ավելի բարձր է, քան իրացությունը։ Ավանդների նվազման 2,4 տոկոսը, հետևաբար, որևէ ազդեցություն բանկերի գործունության վրա չի կարող ունենալ։

«Ընդհակառակը, հենց հիմա բանկերը կարող են շատ ավելի վարկեր տրամադրել` չնայած այն հանգամանքին, որ մեր տնտեսությունը ներկայումս բավականին լուրջ իրավիճակում է գտնվում և ունի օգնության կարիք։ Մոտ 700 հազար ֆիզիկական անձանց տրված է վարկային արձակուրդ, այսինքն` վարկերն ու տոկոսները մուծելու հետաձգում է տեղի ունեցել մոտ 22 միլիարդ դրամի չափով, իսկ 13 հազար իրավաբանական անձանց պարագայում ` մոտ 47 միլիարդ դրամի չափով»,– տեղեկացնում է Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։

Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլորին, բացի բանկերից ու խաղատներից

Սամվել Ճզմաչյանի փոխանցմամբ` բանկային արձակուրդը բնականաբար բերում է նրան, որ քաղաքացիներն ու կազմակերպություններն օգտվում են առիթից և վճարումներ չեն կատարում։ Շատերն էլ իրենց ավանդները հանում են, որպեսզի հոգան առօրյա ծախսերը։

«Անկախ ամեն ինչից, բանկերը չեն կարող աչքերը փակ վարկեր տրամադրել, որովհետև բանկերում վարկերի տրամադրման համար նախատեսված միջոցների մեծ մասը ներգրավված են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանցից, թե՛ միջազգային  կառույցներից, հետևաբար բանկերը կրում են մեծ պատասխանատվություն»,– ասում է մասնագետը։

Հայաստանի բանկերը սկսել են ավելի շատ ռուբլի գնել, բայց դեռ վաղ է գնահատականներ տալ․ ԿԲ

Անդրադառնալով այն հարցին, որ բանկերում գումարների մեծ մասը դոլարով է, իսկ տնտեսվարող սուբյեկտները հիմա դրամով են վարկեր վերցնում` Սամվել Ճզմաչյանը նշում  է, որ դոլարի պակասի դեպքում բանկը գործարքներում կարող է արտարժույթը վերածել դրամի, եթե առաջանա նման անհրաժեշտություն։ Ըստ նրա` գոյություն ունեն բանկային բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ են տալիս վարել այնպիսի քաղաքականություն, որն ի նպաստ կլինի թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց։