Չվերթերի չեղարկման պատճառով ԱՄՆ–ում մնացած հայերն անհապաղ օգնության կարիք ունեն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմել է հայերին և մասնավոր ընկերություններին` չվերթերի չեղարկման հետևանքով ԱՄՆ–ում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթերի չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի։

Մնացականյանը զանգել է Ղազախստանի իր պաշտոնակցին. խոսել են սպասվող հատուկ չվերթի մասին

«Արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում մնացած ՀՀ քաղաքացիները դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ աջակցության կարիք ունեն»,–նշված է հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմել է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող հայերին և մասնավոր ընկերություններին` չվերթերի չեղարկման հետևանքով ԱՄՆ–ում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին, կարող են կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ armeniaconsulategen@gmail.com:

Մինչև մայիսի 10-ը Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն

Հիշեցնենք` ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացիներ են մնացել «Դոմոդեդովո» օդանավակայում։

Ավելին կազմակերպվեց 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։