Հնարավորինս ուշ են միացնում արհեստական շնչառության սարքին. նախարարը բացատրեց, թե ինչու

Թոքերի արհեստական շնչառության սարքերի միացման հետևանքով հնարավոր է` բարդացումներ լինեն և ավելի վատթարացնեն պացիենտի վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ռեանիմատոլոգները փորձում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին հնարավորինս ուշ միացնել թոքերի արհեստական շնչառության սարքերը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ծայրահեղ ծանր 35 դեպք կա, որոնցից 9-ն են միայն միացված արհեստական շնչության սարքերին։

Կորոնավիրուսի տարածման աղբյուրները բազմաթիվ են. նախարար

«Բոլոր դեպքերում չէ, որ ճիշտ լուծումը պացիենտին թոքերի օդափոխության սարք միացնելն է։ Որքան էլ դա անհրաժեշտ է, սակայն սարքի միացման հետևանքով հնարավոր է` բարդացումներ լինեն և ավելի վատթարացնեն պացիենտի վիճակը»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 4 մահվան դեպքերին` նախարարը նշեց, որ բոլոր մահացածներն էլ խրոնիկ հիվանդություններ են ունեցել, մասնավորապես, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ, ինչպես նաև զարկերակային գերճնշում։

Կորոնավիրուսով վարակվածներից 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ նախարարը նոր տվյալներ հայտնեց

Թորոսյանը նշեց նաև, որ վերոհիշյալ հիվանդությունները կտրուկ վատթարացնում են օրգանիզմը վերականգնելու ունակությունները։ Սակայն, ըստ նրա, լինում են դեպքեր, որ այդ հիվանդությամբ քաղաքացիները նաև լավանում են։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Կորոնավիրուսի տարածման աղբյուրները բազմաթիվ են. նախարար