Կորոնավիրուսի տարածման աղբյուրները բազմաթիվ են. նախարար

Արսեն Թորոսյանի խոսքով` մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 10 000–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի տարածման աղբյուրները բազմաթիվ են։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջին 1 օրվա ընթացքում 121 վարակվածներից 34–ը կարանտինի մեջ գտնվողներն են, 58-ը` հաստատված դեպքի հետ շփվածները, ինչպես նաև բժիշկներ ու հուղարկավորության մասնակցողներ կան։ Սա հուշում է այն մասին, որ պետք է պահպանենք կանոններն ու հույս չունենանք, որ, օրինակ, ԱԺ–ում որևէ վարակակիր չկա, և մենք կարող ենք առանց կանոները պահելու` զերծ մնալ վարակումից»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 10 000–ի, և այս դեպքում առանց ախտանշաններով հիվանդները բուժում կստանան տանը։

Հայաստանում կորոնավիրուսից բուժված 3 քաղաքացու մոտ վիրուսը կրկնվել է․ Թորոսյան

Հարցին, թե ԱԺ–ում, այնուամենայնիվ, կա՞ն վարակվածներ` նախարարը պատասխանեց, որ մեկ կոնտակտավոր կա, որը մեկուսացվել է։

Անդրադառնալով այսօրվանից սահմանափակումների թուլացմանը` Թորոսյանը նշեց, թե չի բացառվում, որ արտակարգ դրության ռեժիմը պահպանվի, սակայն սահմանափակումներն այսպես էլ մնան։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507