ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ շոումեն, երգիծաբան Միշա Գալուստյանը Instagram-ի իր էջում տեսաուղերձ է հղել և մարդկանց հորդորել, որ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, նախկին ԽՍՀՄ անդամ երկրների ներկայացուցիչներն առցանց տիրույթում իրենց մայրենի լեզվով երգեն հաղթանակի երգը։
«Մայիսի 9-ին այցելեք pobeda-2020.ru կամ dikationpobedy.rf կայքեր, միացրեք նվագարկիչը, ընտրեք ձեր մայրենի լեզուն, հրավիրեք հարազատներին և ընկերներին․․․ Եկեք միասին երգենք մեր սիրած հաղթանակի երգը»,-տեսանյութին կից գրել է Գալուստյանը:
Կարճ ժամանակում տեսանյութը դիտել են ավելի քան 121․000 անգամ։
Նրանց դուր է եկել Գալուստյանի առաջարկը, և շատերը գրել են, որ սիրով կմիանան դրան։
«Միշա, արի հայերեն երգենք»,«Այս իրավիճակում հիասքանչ գաղափար է, կմիանանք ողջ ընտանիքով, ապրեք», «Վստահ եմ, հրաշալի կստացվի»,- մեկնաբանել են հետևորդները։
Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա), առանց նախապես հայտարարելու, հարձակվել են Խորհրդային Միության վրա։ Այս պատերազմը 1945 թվականի մայիսի 9–ին ավարտվել է Խորհրդային Միության հաղթանակով։
Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 զինվոր արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:
Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը «չեղարկեց» Բեռլինից թռիչքները
Այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակին նվիրված միջոցառումները Ռուսաստանում հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով։
Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ավիացիոն շքերթ կանցկացվի, հրավառություններ կլինեն Ռուսաստանի քաղաքներում։
Ռուս օդաչուները ՀՀ–ում «Հիշատակի էստաֆետ» ակցիա են անցկացրել` նվիրված Հաղթանակի 75-ամյակին