Ու միայն ինձ չէ, որ հետաքրքրում է այս հարցի պատասխանը, շատ լուրջ մասնագետներ արձանագրում են՝ այլևս հայտնի չէ, թե ինչ ասել է մամուլ, համացանցը ամեն ինչ փոխել է, խառնել է հասկացությունները: Ուզո՞ւմ եք անկեղծանամ ու շատ կոնկրետ օրինակ բերեմ սեփական կյանքից: Տասներորդ դասարանում, իմ կարծիքով՝ մի հանճարեղ բան էի գրել՝ հիմա չեմ էլ հիշում ինչի մասին, ուղարկել էի «Ավանգարդ»՝ շատերը կհիշեն, ժամանակին էդպիսի երիտասարդական թերթ կար: Շաբաթներ շարունակ առավոտյան արթնանում էի, վազում էի Ռայկոմի մեր թերթի կրպակի մոտ, «Ավանգարդը» գնում էի, արագ-արագ բացում էի թերթը, որ տեսնեմ՝ տպե՞լ են այդ ռոմանտիկ հիմարությունս, թե՞ ոչ: Բնականաբար՝ այդպես էլ չտպեցին:
Իսկ հիմա երեկոյան բան ու գործ չունեմ՝ սոցիալական ցանցում մի անհաջող կատակ եմ գրում, մեկ էլ մյուս օրը հայտնվում է ինչ-որ թերթում, այսինքն՝ ինձանից անկախ՝ մամուլի հրապարակում է դառնում: Եվ ուզում եմ հարց ուղղել նրանց, ովքեր պնդում են, թե մեզ մոտ այլևս որևէ մեկը չի սահմանափակում մամուլը, կներեք՝ այս պայմաններում որևէ մեկը՝ պետությունը կամ չինովնիկը, ինչպե՞ս կարող է իր վերահսկողության տակ առնել հասարակությանը մատուցվող տեղեկատվությունը, երբ ես ինքս իմ գրածի հետագա ճակատագիրը չեմ կարողանում տնօրինել:
Մենք բոլորովին այլ խնդիր ունենք: Մամուլի ազատությունը չէ, մամուլի ազդեցությունն է: Չեք հավատա, բայց Նապոլեոն Բոնապարտը ժամանակին ասել է․ «Ես ավելի շատ եմ վախենում երեք թերթերից, քան հարյուր հազար սվիններից»: Անկեղծ ասեք՝ հիմա Հայաստանում որևէ լրատվամիջոց էական ազդեցություն ունի՞ հասարակական կյանքի վրա։ Իմ կարծիքով՝ չունի։ Այո, միանշանակ ընդունում եմ այն մեղադրանքները, որ դրանում նաև մենք՝ լրագրողներս ենք մեղավոր: Ինչ ասես գրում ենք, ինչ ասես ասում ենք: Լի ու բոլ օգտվում ենք նույն մամուլի ազատությունից, բայց, կներեք, սա ամենևին նոր՝ հայաստանյան երևույթ չէ:
Կարդում ես ու զարմանում. Վաշինգտոնի ուղերձն ասես հայաստանցիներիս ուղղված լինի
Ընդհանրապես մեզ՝ հայաստանցի լրագրողներիս, անընդհատ հանդիմանում են, օրինակ բերելով արևմտյան մամուլը։ Միշտ պատրաստ եմ եղել ընդօրինակելու արևմտյան մամուլի դրական փորձը, բայց թույլ տվեք բերել մի երկու օրինակ։ Այ, դուք մեզ մեղադրում եք, թե ծառայում ենք այս կամ այն քաղաքական ուժի շահերին։ Հեռու չգնանք՝ Նորվեգիայում, որը բոլոր միջազգային վարկանիշային ցուցակներում աշխարհի ամենադեմոկրատական պետություններից մեկն է, ժամանակին առաջատար թերթերը ստեղծվել են հենց քաղաքական ուժերի՝ կուսակցությունների կողմից, հիմա այդ կուսացությունների հետ անմիջական կապ չունեն, ոչ էլ ֆինանսավորվում են, բայց այս կամ այն ուղղվածությունը պահպանել են: Սա նորմալ է՝ մեկս պահպանողական գաղափարների կողմնակից է, մյուսս՝ ազատական, որովհետև այդպիսին է հասարակությունը: Եվ այս բազմազանությունը բարիք է։
Ու նաև ամերիկյան լրագրությունից մի դրվագ, որը միշտ սիրում եմ մեջբերել։ Մի քանի տարի առաջ հենց Մամուլի միջազգային օրվա կապակցությամբ ամերիկյան լրատվամիջոցներից մեկում հեղինակը՝ Ջերի Դևիչը գրել էր. «Ամենևին գաղտնիք չէ, որ ամերիկյան մամուլն էլ ազատ չէ և ունի շատ որոշակի սահմանափակումներ։ Ով չգիտի, որ մեզ մոտ ընդունված չէ վատ բան գրել կամ ասել Իսրայելի մասին»։ Ու բերում է շատ հայտնի լրագրող, Պուլիտցերյան երեք մրցանակների դափնեկիր Թոմաս Ֆրիդմանի օրինակը։
80-ականների սկզբներին, երբ Իսրայելը մտավ Լիբանան և պաշարեց Բեյրութը, Ֆրիդմանն այնտեղ էր և «Նյու Յորք Թայմսի» համար գրված իր ռեպորտաժում արձանագրել էր, որ իսրայելցիները հրետակոծում են քաղաքը՝ սպանելով նաև խաղաղ բնակիչներին։ Գնահատեք լրագրողի անաչառությունը՝ Ֆրիդմանն ազգությամբ հրեա է, այսինքն՝ հրեան փաստում էր, որ հրեաները վատ բան են անում։ Բայց Ամերիկայի ու նաեւ աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ «Նյու Յորք Թայմսի» գլխավոր խմբագիրը նախադասության այդ մասը՝ խաղաղ բնակիչների սպանության մասին հանում է։ Ֆրիդմանը վերադառնում է Նյու Յորք, բողոքում է, հանդիպում է գլխավոր խմբագրի հետ, երկար զրուցում են ու ի վերջո խմբագիրն ասում է․ «Երկուսս էլ հասկանում ենք, որ դու ճիշտ ես, բայց խնդրում եմ՝ այլևս Իսրայելի մասին վատ բաներ չգրես»։ Հիմա կարող եք ասել՝ սա՞ է մամուլի ազատությունը՝ ամերիկյան ձևով։ Ես էլ կհակադարձեմ՝ բայց չէ որ հենց ամերիկյան մամուլն էլ այս մասին գրում է՝ որ իրենց մոտ մամուլի ազատություն սահմանափակումներ կան։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». լրագրողական հանրապետության լրագրողական խնդիրները