Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին

Գյումրիի վարսահարդարները պատմել են ձեռնոցով ու դիմակով աշխատելու դժվարության և սահմանափակումները հանելուց հետո առաջին այցելուների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Չնայած Գյումրիում տեղացող հորդառատ անձրևին, նախապես գրանցված հաճախորդները շտապում էին այսօրվանից գործող գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ՝ չմոռանալով ձեռնոցների ու դիմակների մասին: Գյումրիում Sputnik Արմենիայի թղթակցի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սրահներն իրենք էլ «զինված» են ձեռնոցներով ու դիմակներով, ախտահանիչ նյութերով։

Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին

«Մենք՝ աշխատակիցներս, դիմակով ու ձեռնոցով ենք, ախտահանիչ հեղուկներն էլ սեղանին, բայց ուրախ եմ, որ հաճախորդներին իրենք հիմնականում պատրաստված են գալիս, իսկ մեծ մասը նաև պայուսակներում ունեն լրացուցիչ ձեռնոց, դիմակ ու սրվակ՝ ախտահանիչ նյութով»,-պատմում է վարսահարդար Լիլիա Առաքելյանը։ Նրա խոսքով` իրենց գործունեության սահմանափակման վերացման առաջին օրը սրահ եկել են նրանք, ովքեր առաջինն  էին հասցրել գրանցվել՝ պարետի որոշումն իմանալուց հետո:

Գյումրիից ախտանիշ չունեցող կորոնավիրուսով հիվանդներին կտեղափոխեն Ծաղկաձոր

Չնայած սրահների աշխատակիցներն ուրախ էին, որ կրկին աշխատում են, սակայն ապահովության համար, այնպես են գրանցել ցանկացողներին, որ վարսավիրանոցներում սպասվածից ավելի քիչ մարդ լինի և կարողանան հնարավորինս պահել սոցիալական հեռավորությունը: «Այսօր ամենաշատը 4 այցելու եմ սպասարկել, դա սովորականից շատ քիչ է, բայց այդպես ենք արել մեր ապահովության համար, որ կարողանաք պահպանել հաճախորդների հեռավորությունն  ու յուրաքանչյուրից հետո հասցնենք ախտահանել տարածքը»,-նշում է  Լիլիա Առաքելյանը:

Վարսահարդար Սալվի Հակոբյանն էլ ավելացնում է, որ ճիշտ է, դժվար է  աշխատել դիմակներով, բայց ստիպված են այդպես անել ինչպես իրենց, այնպես էլ հաճախորդների անվտանգության և առողջության համար:

Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին

Հավելենք, որ որոշ սրահներ աշխատանքի վերադարձի առաջին օրն անակնկալ էին պատրաստել այցելուների համար՝ քաղցրավենիքով ու ծաղիկներով դիմավորելով նրանց:

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանում մինչև մայիսի 14–ը գործում է արտակարգ ռեժիմ։ Բայց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի վերջին որոշմամբ մայիսի 4–ից այդ սահմանափակումները մեղմացվեցին, տնտեսական շատ գործունեություններ վերականգնվեցին։