COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ

Մասնագետները պարզել են, որ COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են մարդիկ, որոնց մոտ D վիտամինի պակաս կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի–Sputnik. Արևելյան Անգլիայի համալսարանի ու Եղիսաբեթ II—ի հիմնադրամի մասնագետները կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կորոնավիրուսից մահվան դեպքերն ու վիտամին D-ի ցածր մակարդակը փոխկապակցված են. COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են այն մարդիկ, որոնք այդ վիտամինի պակաս ունեն։

Ինչպիսի՞ն կլինի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ ինչու՞ գիտնականներին չի հաջողվում այն գտնել

Գիտնականենրը, որոնց նախնական հետազոտությունները հրապարակվել են Research Square կայքում, համադրել են վիտամին D-ի միջին մակարդակները եվրոպական 20 երկրների քաղաքացիների մոտ COVID-19-ով հիվանդանալու ու մահանալու մասին տվյալների հետ։

«Մենք զգալի կապ ենք հայտնաբերել վիտամին D-ի պակասի ու COVID-19-ով հիվանդանալու դեպքերի միջև, հատկապես՝ մահացության դեպքերի։ COVID-19-ի հանդեպ առավել խոցելի է բնակչության այն խումբը, որը վիտամին D-ի պակաս ունի»,- նշված է հետազոտության մեջ։

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ տարեց մարդկանց շրջանում վիտամին D-ի պակաս է նկատվում հատկապես Իսպանիայում, Իտալիայում ու Շվեյցարիայում։

«Այս երկրներում COVID-19-ով վարակվածության դեպքերը շատ են, տարեց մարդիկ SARS-CoV-2-ով հիվանդանալու ու մահանալու ռիսկային խմբում են»,- ավելացրել են նրանք։

Գիտնականների կարծիքով՝ SARS-CoV-2-ից պաշտպանվելու համար անհրաժեշտ է վիտամին D-ով հավելումներ ընդունել։

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։