32-ամյա տղամարդը կասկածվում է Ավետ Բարսեղյանի աներոջ տնից գողություն կատարելու մեջ

Ձերբակալվածը կասկածվում է մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Երեկ՝ մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևանի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում թալանել են քննչական վարչության քննիչի բնակարանը

Վերջինս հայտնաբերել են ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ Տղամարդը կասկածվում է մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևանի Դ․ Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ն ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է։