Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Մերին սովորում է 9-րդ դասարանում։ Հայաստանի բոլոր դպրոցականների նման մարտի սկզբից ստիպված է տնից դասերին հետևել։ Օրերս հայտնի դարձավ, որ չեղարկվում են դպրոցական քննություններ։ Աղջիկը կարծում է, որ ինքն ու իր հասակակիցները բախտավոր են, քննություններին պատրաստվելու ծանր հոգսից ազատվել են։
«Երևի դեռ այդքան էլ չեմ գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել։ Չէի էլ հասցրել սկսել լրջորեն պատրաստվել քննություններին։ Չնայած այդ առումով բախտավոր ենք, բայց ամեն դեպքում ուզում եմ դպրոց վերադառնալ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Աղջիկը սրտնեղում է՝ ամբողջ օրը տանը նստելը ձանձրալի է։ Մինչ արտակարգ դրության ռեժիմը նույնիսկ ցուրտ օրերին էր բակ իջնում, ընկերների հետ խաղում։ Իսկ հիմա դրսում գարուն է, բայց տնից դուրս գալն արգելվում է։
8-ամյա Նարեկը ևս կարոտում է բակային խաղերն ու դասընկերներին։ Նրա մայրը՝ Լուսինե, ասում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որդին բազմիցս վախեցրել է իրեն։
«Նա շատ ակտիվ է ու պահանջում է, որ տանը բոլորը խաղան իր հետ, ժամերով խոսում է։ Մենք ամեն կերպ փորձում ենք զբաղեցնել Նարեկին»,- պատմում է Լուսինեն։
Հոգեբան Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ ինքնամեկուսացման ժամանակ երեխաների մոտ ավելի հաճախ հիպերակտիվություն ու ագրեսիա է նկատվում, քան ապատիա։
«Երեխաներն այդպես են արձագանքում փոփոխություններին ու սթրեսին։ Նրանց վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ընկերների հետ շփման բացակայությունը, այլև ծնողների անհանգստությունը», - ընդգծում է մասնագետը։
Նա ծնողներին խորհուրդ է տալիս բաժանել երեխաներին հատկացվող ժամերը, որպեսզի չհոգնեն։
«Աշխատանքի ու գործերի հետ մեկտեղ երեխաների հետ խաղալու ժամանակ առանձնացրեք։ Թող մի քանի ժամ ծնողներից մեկը երեխայի հետ զբաղվի, հետո մյուսը։ Եթե տունը մեծ է, կամ սեփական բակ ունի, ավելի հեշտ կլինի երեխային խաղերով զբաղեցնել»,- ավելացնում է Ալեքսանյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ի պատասխան դպրոցականների հոգեբանական վիճակի մասին Sputnik Արմենիայի հարցմանը նշել է, որ վերջին երեք ամսում մոտ 4000 դպրոցականներ դիմել են դպրոցական հոգեբանների օգնությանը։
«Երեխաների հոգեբանական և այլ խնդիրների վերաբերյալ նախարարություն դիմած ծնողները և մանկավարժները ուղղորդվում եմ մանկավարժահոգեբանական կենտրոններ՝ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ստանալու համար»,- նշված է նախարարության պատասխանում։
Ի՞նչն են կարևորելու բուհերի ընդունելության ժամանակ. նախարարը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ը սահմանված արտակարգ դրության ռեժիմը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի առաջարկով ևս 30 օրով երկարաձգվեց:
Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։