Մամուլի ազատության խորհուրդն առավել ընդգծված է կորոնավիրուսի մարտահրավերների ֆոնին.նախարար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ: Նախարարը կարևորել է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը հատկապես հակամարտության գոտիներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է լրագրողներին ու նրանց լսարանին՝ մամուլի ազատության համաշխարհայի օրվա առթիվ:

Պետք է ամեն ինչ անենք մամուլի ազատությունը պահպանելու համար. Փաշինյան

«Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը»,- նշված է նախարարի ուղերձում:

Մնացականյանը շեշտել է, որ ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Իսկ Հայաստանի դեպքում մամուլի և խոսքի ազատությունն այն կարևորագույն նվաճումներից է, որին հասարակությունը հասել է ազատության արժեքների իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». լրագրողական հանրապետության լրագրողական խնդիրները

«Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»,- ասված է ուղերձում:
Մայիսի 3-ը մամուլի ազատության օր հռչակելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կայացրել է 1993թ-ին: