Տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` բացասական սպասումներն արդեն իսկ առկա են, և վերջին տվյալների, մասնավորապես, մարտ ամսվա ցուցանիշների համաձայն` մեր տնտեսությանը սպառնում է էական, մինչև 5 տոկոս անկում։
«Հիմա թե ինչ է լինելու մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ, դեռ շատ վաղ է խոսել, որովհետև իրավիճակը փոխվում է օր օրի։ Տեսեք՝ եթե ամբողջ ապրիլին տնտեսության զգալի հատվածը չէր աշխատում, վաղը, մյուս օրվանից բացվելու է։ Հիմա պետք է ուղղակի սպասել և ժամանակին համընթաց նոր կարելի է գնահատականներ տալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
ԿԲ նախկին ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի գլխավոր դրամատան ներկայիս ղեկավարությունը վարում է հավասարակշռված քաղաքականություն: Այդ մասին են վկայում արդեն իսկ ԿԲ կայացրած հիմնարար վճիռները։ Օրինակ` տոկոսադրույքների նվազեցումը։ Ասատրյանի խոսքով` արդեն կայացվել է երկու որոշում. ենթադրվում է, որ առաջիկայում ևս ԿԲ-ն նմանատիպ նոր որոշումներ կկայացնի։
«Ընդհանրապես, իբրև սկզբունք, վերջին հայտարարություններն ու գնաճի վերջին հաշվետվությունը ցույց են տալիս, որ Կենտրոնական բանկը կատարել է իր հիմնական գործառույթներն ու անելիքը, այն ունի հնարավորություններ և իրավիճակին համընթաց կատարել է կոնկրետ քայլեր։ ԿԲ-ն աշխատում է ավելի արդյունավետ, քան տնտեսական կառավարման այլ ոլորտները»,– ընդգծեց տնտեսագետը։
Կառավարությունը պատրաստվում է փոխել 2020թ-ի բյուջեն. նախագիծը մշակվում է
Ասատրյանի գնահատմամբ` վարվող ֆինանսավարկային քաղաքականությունն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է։ Անդրադառնալով այն կանխատեսումներին, որ ՀՀ տնտեսությունը կարող է մոտ ապագայում, ավելի ստույգ երրորդ եռամսյակից սկսած վերականգնվել ու ապահովել արագ աճ, Ասատրյանն ասաց՝ միանշանակ ամեն ինչ հնարավոր է։