Մինչև մայիսի 10 Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն

Ավելի քան երեք հազար մարդ հետաքրքրվել է` երբ է Ռուսաստանի մայրաքաղաքացից նոր չվերթ իրականացվելու։ Շատերին հետաքրքրում է նաև` դեսպանությունը կփոխհատուցի բնակարանային վարձավճարները, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացած ավելի քան երեք հազար հարցումների՝ ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։

«Հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկություն ստանալուն պես կհայտնենք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ դեսպանությունը հայտնում է, որ ցանկացած աջակցության տրամադրման հարցում իրենք ելնում են առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք` ըստ ԱԳՆ–ի տվյալների` ապրիլին Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի։ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտնել էր, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։ 

Մարտի 20–ից մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Հարյուրավոր քաղաքացիների կացության և սննդի հարցն ապահովվել է նաև Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում և ՌԴ այլ քաղաքներում։

Ռուսաստանում COVID-19-ի դեմ հակամարմինները բացահայտելու համար թեստային համակարգ է գրանցվել