Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 125-ով և հասել 2273–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 125-ով և դարձել 2273։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 23142 թեստավորում, արդեն բուժվել է 1010 պացիենտ։

Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Երեկ` մայիսի 1-ին հայտարարվեց, որ մայիսի 4-ից կվերացվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն էլ չի լինի։