Ապրիլին 1500 քաղաքացի ՌԴ–ից Հայաստան են վերադարձել . Աննա Նաղդալյան

Աննա Նաղդալյանը հայտնել է, թե ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներն ինչ աջակցություն են ստանում դեսպանությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել է, որ ապրիլին Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի։

«Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում մոտ 1500 քաղաքացի Ռուսաստանից Հայաստան են վերադարձել, նրանցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով»,– ասել է նա։

Ըստ Նաղդալյանի` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։

Հաջորդիվ կայանալիք չվերթերը լինելու են վճարովի․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

«Մարտի 20–ից մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Հարյուրավոր քաղաքացիների կացության և սննդի հարցն ապահովվել է նաև Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում և ՌԴ այլ քաղաքներում»,– ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով`աշխատանքներ են տարվել մոտ 517 քաղաքացու աշխատանքի տեղավորման ուղղությամբ։ 117 քաղաքացի մարտի, ևս 400 քաղաքացի ապրիլի ընթացքում աշխատանքի է անցել ՌԴ տարբեր մարզերում։ Իսկ մոտ 150 քաղաքացի հրաժարվել են աշխատանքի առաջարկից։

Նաղդալյանը վստահեցրել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ երկու տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ մշտական կապ է պահում և, ըստ անհրաժեշտության, տրամադրում է համապատասխան պարագաներ։

Օժանդակություն է ցուցաբերվում նաև տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող ՀՀ 8 քաղաքացու։

Տանը ինքնամեկուսացման պայմաններում գտնվող և ծանր ֆինանսական կացության մեջ հայտնված 45 ընտանիքի մշտական հիմքով տրամադրվում է պարենային զամբյուղ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության 7 աշխատակից է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով. Տողանյան

Նաղդալյանը նաև տվյալներ է ներկայացրել, թե այս ընթացքում ՀՀ քանի քաղաքացի է վերադարձել աշխարհի տարբեր ծայրերից։

Այսպիսով` ապրիլի 24-ին իրականացվել է Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։

Ապրիլի 27-ին ՀՀ 18 քաղաքացիներ Վարշավայից ավտոբուսով տեղափոխվել են Մինսկ, որտեղից Մինսկ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան:

Ապրիլի 28-ին իրականացվել է Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան են վերադարձել ՀՀ 120 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացիներ։

Իրականացվել է նաև ՀՀ քաղաքացիների վերադարձը Սիրիայից:

Հավելենք, որ Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինում: