Ադրբեջանը շաբաթվա ընթացքում 1200 կրակոց և 8 արկ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Արցախի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախիպաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ–ն հիշեցնում է, որ բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետներ (8 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` անցած շաբաթ` ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: