ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. Վրաստանը կարող է լինել աշխարհում առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների առջև: Sputnik Վրաստանի հաղորդմամբ՝ հանրապետության էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց քննարկման ժամանակ խոսել է զբոսաշրջիկներին վերադարձնելու հնարավորությունների մասին:
Համավարակի հետևանքով ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում, ամենից շատ տուժել է զբոսաշրջության ոլորտը:
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան լինի անվտանգ և առաջիններից մեկը բացի սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար»,- ասել է նախարարն ու հավելել, որ որ այս ոլորտին դեռ որոշակի ժամանակ է պետք կրկին եկամտաբեր ու գրավիչ դառնալու, ինչպես համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամից առաջ էր:
Worldmeters-ի վերջին տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 566 դեպք, առողջացել է 207 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք:
Վրաստանում երկարացրել են արտակարգ դրության ռեժիմն ու մեքենայով տեղաշարժվելու արգելքը