Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին ընդառաջ Sputnik Արմենիան սկսում է «ԲՈԼՈՐԸ պայքարում էին այդ օրվա համար» նախագիծը, որի շրջանակում կներկայացնենք Երկրորդ աշխարհամարտի քիչ հայտնի փաստերը։
Sputnik
Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Պատերազմի սկզբին գերմանացի դիվանագետները չեզոք Թուրքիայի տարածքով Մոսկվայից ստիպված էին վերադառնալ Գերմանիա։ 1941 թվականի հուլիսին նրանց գնացքը հասավ Լենինական (ներկայիս Գյումրի), սակայն նախքան խորհրդային սահմանը հատելը մոտ մեկ շաբաթ կանգնած մնաց պահեստային ուղու վրա։

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր

ԽՍՀՄ–ի և Գերմանիայի միջև դիվանագիտական առաքելությունների փոխանակման մանրամասները մինչ օրս չեն գաղտնազերծվել։ Այդ իրադարձությունները հիշատակվում են միայն Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակից Գերհարդ Կեգելի հուշերում և Բեռլինում Խորհրդային միության դեսպանի թարգմանիչ Վալենտին Բերեժկովի հուշագրերում։ Հայտնի է, որ փոխարինում էին բոլորին բոլորով։ 

Գերմանացիները ԽՍՀՄ–ում աշխատող 140 մարդ ունեին, իսկ խորհրդային պատվիրակությունը տասն անգամ մեծ էր։ Երբ պատերազմը սկսվեց, դիվանագետներից բացի արտերկրում բազմաթիվ խորհրդային մասնագետներ կային, որոնք աշխատում էին ոչ միայն Գերմանիայում, այլև դրանից կախում ունեցող Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում։ Փոխանակման վայր ընտրվեց Թուրքիան, որը պատերազմին չէր մասնակցում։

Խորհրդավոր գնացքն ու Ստալինի որդին

Գերմանացիները պահակախմբի հսկողությամբ ժամանեցին Լենինական և կանգ առան Ախուրյան սահմանային գետի վրայով անցնող կամրջի մոտ։ Այդ ժամանակ խորհրդային պատվիրակությանն ավտոտրանսպորտով տանում էին Թուրքիայի և Բուլղարիայի սահմանի մոտ։ Անցումը պետք է կայանար միաժամանակ։ Ըստ ամենայնի, դա տեղի ունեցավ 1941 թվականի հուլիսի 19-ին կամ 20-ին, քանի որ գերմանացի դիվանագետ Կեգելն իր օրագրում նշել է, որ իրենք Հայաստան են ժամանել հուլիսի 13-ին և սպասել մոտ մեկ շաբաթ։ Այն, որ շրջապատված շարժակազմի վագոնում նացիստներ կան, Լենինականում ոչ ոք չգիտեր։

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Գերմանացիները գնացքից իջան Ղարսում, իսկ Խորհրդային Միության քաղաքացիներին թուրքական սահմանը հատելուց հետո հասցրին ափ և նստեցրին փոքր նավեր, որոնցով նրանք անցան նեղուցները։

Թարգմանիչ Բերեժկովը հիշում է, որ հետո իրենք գնացքով հասան Անկարա, որտեղ անցկացրին գիշերն ու միայն հաջորդ օրն ինքնաթիռով մեկնեցին ԽՍՀՄ։

Պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ գորբաչովյան վերակառուցման տարիներին խորհրդային պատմաբանների շարքում վարկած կար, որ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների փոխանակման մեկշաբաթյա ուշացման պատճառը կարող էր լինել Յակով Ջուգաշվիլին` Իոսիֆ Ստալինի ավագ որդին։ Իբրև թե նա 41 թվականի հունիսին ուրիշի անվան տակ հայտնվել էր Գերմանիայում, և նրան ճանաչել էին խորհրդային քաղաքացիների մեջ։

Չի բացառվում, որ գերմանացիներին հաջողվել է նրան պահել, այնուհետև ներկայացնել որպես ռազմագերի։ Այս մտքին են հանգում այն հայտնի հանգամանքի պատճառով, որ  առաջին լուրն իր մասին Յակովը հորն ուղարկել է հենց դիվանագիտական փոխանակման օրերին` 1941 թվականի հուլիսի 19-ին։ Նա հայտնել էր, որ գերության մեջ է, իրեն լավ են վերաբերվում և շուտով կուղարկեն սպայական համակենտրոնացման ճամբար։

«Սակայն գերմանացիները Յակովի գերության մասին տեղեկություններ սկսեցին տարածել միայն օգոստոսին։ Ամսի 20-ին առաջին անգամ խորհրդային դիրքերի վրա վերևից նրա լուսանկարներով և խոսքերով թռուցիկներ նետվեցին։ Այդ  է պատճառը, որ փոխանակման ու Ստալինին գրված  նամակի ամսաթվերի համընկնումը մինչ օրս որոշակի առեղծված է պարունակում և գաղտնիության քողով է պատված», – ասում է Վիրաբյանը։

Սոցիալական ցանցերում մեկնարկում է «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիան

Պատմաբանի խոսքով` այդ թռուցիկների վրա պատկերված լուսանկարներում Ջուգաշվիլու կողքին կանգնած գերմանացիների հագին ոչ թե զինվորական, այլ առօրյա համազգեստ է։ Սա փորձագետներին դրդում է մտածել, որ լուսանկարները ռազմաճակատում չեն արվել, այլ բեմադրված են։

Թուրքական սպառնալիքն ու Հայաստանը

Ազգային արխիվի տնօրենը մեկ այլ, ևս քչերին հայտնի պատմական դետալ բացահայտեց։ Պատերազմի տարիներին երկրորդ անգամ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Լենինականի տարածքով բացվեց 1942 թվականի աշնանը։ Անկարայում աշխատող խորհրդային երիտասարդ դեսպան Սերգեյ Վինոգրադովին շտապ Կրեմլ էին կանչել։ Նա գնացքով Թուրքիայից հասավ Թբիլիսի, այնտեղից մեկնեց Մոսկվա և տեղավորվեց հյուրանոցում։ Գիշերը նրան տարան Ստալինի մոտ, որն այդ ժամանակ ընթրում էր Քաղբյուրոյի անդամների հետ։

«Ստալինը Վինոգրադովին գինով լի բաժակ մեկնեց, առաջարկեց խմել (առաջնորդի կենացն էին խմում) և պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թուրքիան կհարձակվի։ Դեսպանը խմեց և պատասխանեց` ոչ։ Այդ ժամանակ Ստալինը ևս մեկ բաժակ մոտեցրեց (խմում էին կուսակցության համար) և կրկնեց հարցը։ Վինոգրադովը նույն պատասխանը տվեց։ Ապա Ստալինն հանձնարարեց նրան վերադառնա և ոչ մի դեպքում թույլ չտա, որ Թուրքիան հարձակվի Խորհրդային Միության վրա», – ասում է Վիրաբյանը։

Տարիներ անց Վինոգրադովը խոստովանել է` Ստալինին այդպիսի վստահությամբ պատասխանելիս` նա որևէ գաղտնի տեղեկության չէր տիրապետում և հույսը դրել էր միայն սեփական կանխազգացման վրա։ Այդ ժամանակ գերմանացիները հարձակվեցին Ստալինգրադի և Կովկասի վրա, իսկ Թուրքիան հանկարծակի զորահավաք հայտարարեց։ Թուրքական զորքի քանակը հասավ 1 մլն–ի, դրա 3/4–ը (750 000 մարդ) կենտրոնացված էր ԽՍՀՄ–ի սահմանին։ Սա գրեթե 4 անգամ գերազանցում էր Հայաստանում և Վրաստանում խորհրդային խմբավորումների թիվը, որի կազմում հիմնականում նորակոչիկներ էին։

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը (Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար) շուրջ 50 տարի առաջ իր ծառայությունը սկսեց որպես Խորհրդային Միության լեյտենանտ Թուրքիայի սահմանին։ Նա հիշում է տեղաբնակների պատմությունները պատերազմի տարիներին նրանց զգացողությունների մասին ։

«Թուրքերը մշտապես անկարգություններ էին հրահրում, կրակում էին մեր քաղաքացիների և բնակավայրերի վրա։ Դիվերսիոն–հետախուզական խմբեր էին ուղարկում։ Նույնիսկ հիշում եմ 11 հոգուց բաղկացած մի խմբի պարագլուխի անունը` նա Գերմանիայում էր նախապատրաստություն անցել, բայց նրան բռնեցին մեր սահմանապահները, անունը Հուսեյն Կեր–օղլի էր», –Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լևոն Ստեփանյանը։

Սահմանին տիրող իրավիճակը մեծ մտահոգություն էր ծնում Խորհրդային Հայաստանի բնակչության մոտ. ասում էին` Թուրքիան մտադիր է շուտով պատերազմի մեջ մտնել որպես Գերմանիայի դաշնակից։ Սակայն խորհրդային և գերմանական ռազմաճակատում իրավիճակը կտրուկ փոխվեց։  1942 թվականի նոյեմբերի վերջին Անկարայում Գերմանիայի դեսպան Ֆրանց ֆոն Պապենը խոստովանեց Թուրքիայի իշխանությանը, որ Ստալինգրադում գերմանացիների գործերը լավ չեն, և դա սառեցրեց ԽՍՀՄ–ի բաժանմանը մասնակցելու  Թուրքիայի վճռականությունը։

Խաչքար` Մամաևի բարձունքին

Ստալինգրադում տարած հաղթանակը անգնահատելի էր որոշ երկրների և ժողովուրդների համար,  սակայն Հայաստանի բնակիչների համար այն կյանքի ու մահու հարց էր լուծում։ Հանրապետությունում ձևավորված երեք դիվիզիաների մարտիկները կռվում էին այդ  մարտերում` խորապես գիտակցելով, որ եթե քաղաքը կորցնեն, թուրքերն անհապաղ կհարվածեն Կովկասին և կփորձեն մեկընդմիշտ լուծել հայկական հարցը։

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած 119 հայերից 5-ը ստացել էին հերոսի աստղը Ստալինգրադի ճակատամարտի ընթացքում. նրանք են` Գրիգորի Բաղյանը, Սերգեյ Բուռնազյանը, Ասքանազ Կարապետյանը, Արամայիս Պողոսյանը, Աշոտ Ամատունին։

Ստալինգրադի ռազմաճակատում կռվել է մոտ 30 հազար հայ մարտիկ, որոնցից 10 հազարը զոհվել են։ Այս մարտերում որդուն կորցրեց նաև Անաստաս Միկոյանը։ 2017 թվականին Մամաևի բարձունքի վրա նրանց հիշատակին տեղադրվեց ազգային խորհրդանիշ խաչքարը։

Խորհրդային սպառնալիք Թուրքիային

Ստալինգրադի մերձակայքում տեղի ունեցած շրջադարձից և հաղթանակին մոտ լինելը զգալուց հետո Խորհրդային Միությունը սկսեց մտածել իր հարավային սահմաններն ընդլայնելու մասին։ 1945 թվականի մարտին չեղյալ հայտարարվեց Թուրքիայի և Խորհրդային միության միջև 1925 թվականին կնքած պայմանագիրը։ Անկարային առաջարկվեց թույլ տալ խորհրդային ռազմածովային կայանի ներկայությունը Սևծովյան նեղուցներում և ԽՍՀՄ–ին զիջել Թուրքիայի արևելյան տարածքի զգալի մասը, այդ թվում` գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը։

Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել

Թուրքիան այդ առաջարկը մերժեց` ստանալով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի աջակցությունը։ Ստալինը հանձնարարեց նախապատրաստվել նոր մեծ պատերազմի և Թուրքիայում խորհրդային իշխանության ապագա մարմիններ սկսել ձևավորել` խաղադրույք կատարելով հիմնականում հայերի կադրերի վրա։

«Օրինակ`Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը առաջարկվել էր հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի հորը։ Այդ մասին ինքն է ինձ պատմել։ Մենք լավ հարաբերությունների մեջ էինք։ Նա ՊԱԿ–ի գնդապետ եղբորս ընկերն էր։ Շփվում էին ընտանիքներով», –Sputnik Արմենիային ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Լևոն Ստեփանյանը։

Սակայն բանը հակամարտության չհասավ։ ԽՍՀՄ–ի դեմ ԱՄՆ–ում մշակեցին «Դրոփշոթ» ծրագիրը` միջուկային զենքի կիրառմամբ, որն արդեն կիրառվել էր Ճապոնիայի դեմ։ Այն ժամանակ Ստալինն ասել էր, որ թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին։ Նրա մահից հետո Մոսկվան դադարեց բարձրացնել տարածքների և նեղուցների հարցը, իսկ Թուրքիան, դառնալով ՆԱՏՕ–ի անդամ, խորհրդային սահմանի մոտ ամերիկյան հրթիռներ և ռազմակայաններ տեղակայեց։