Շնորհավոր Մայիսի 1, և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում չի շրջանցել նաև կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական ճգնաժամը՝ համոզմունք հայտնելով, որ այն ևս կարող է հաղթահարվել ստեղծագործ աշխատանքի շնորհիվ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ աշխատանքը համարելով մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքը:

Վարչապետը շեշտել է, որ այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:

«Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների և դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում»,- նշել է նա:

Փաշինյանի համոզմամբ` մեծ գնահատանքի են արժանի նաև այն գործատուները, որոնք ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների և, օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից, աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ:

«Առաջին հերթին շնորհավորում եմ բժիշկներին». Արմեն Սարգսյանի մայիսմեկյան ուղերձը

Վարչապետը խոստանում է, որ ՀՀ կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց: Իսկ կառավարության հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, որոնք աշխատել են աշխատանքային, հարկային օրենսդրության պահպանմամբ:

«Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում»,- ասված է վարչապետի ուղերձում:

«Մարդ կա` իր նշանի մատանին վաճառել է ու հոսանքի պարտքը փակել». Փաշինյանի առաջարկը

Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ, և, Փաշինյանի համոզմամբ, իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Վարչապետը համոզված է, որ այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու և հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:

«Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»,- իր շնորհավորական ուղերձը եզրափակել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:

Փետրվարի կոմունալներն էլ կփոխհատուցվեն. Փաշինյանը հայտնեց` ովքեր կստանան աջակցությունը