Սիմբա-2․ ռուսաստանցի ռեժիսորը ֆիլմ կնկարի կորյունին փրկած հայ անասնաբույժի մասին

Ռուսաստանցի ռեժիսոր Ռավիլ Վալեևը մտադիր է ֆիլմ նկարել անասնաբույժ Կարեն Դալլաքյանի և նրա փրկած կորյունի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Ռեժիսոր Ռավիլ Վալեևը հայտարարել է, որ սկսում է վավերագրական ֆիլմ նկարահանել չելյաբինսկցի անասնաբույժ Կարեն Դալաքյանի և նրա փրկած Սիմբա անունով կորյունի մասին։ Տեղեկությունը նա հրատարակել է իր Instagram-ի էջում։

Ֆիլմն արդեն նկարահանման գործընթացում է և հասանելի կլինի տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին։ 

Կաթվածահար առյուծը հայտնաբերվել էր Մախաչկալայի արվարձանում։ Չելյաբինսկի վայրի կենդանիների «Փրկիր ինձ»  ապաստարանի անասնաբույժ Կարեն Դալլաքյանին Սիմբայի մասին հայտնել են տեղի կամավորները:

«Այո փոքրիկ, մենք քեզ փրկել ենք մահից». Կարեն Դալլաքյանը խնամում է վիրավոր կարապներին

Մինչև երեք ամսական դառնալը Սիմբան ֆոտոսեսիաների մասնակից էր Սոչիում։ Դրանից հետո առյուծիկին թողել են բախտի քմահաճույքին։ Սիմբային, որն արդեն չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գտել են ցախատանը։

Կարեն Դալլաքյանն անմիջապես գնացել է իր նոր պացիենտի հետևից, որին տեղափոխել է «Փրկիր ինձ» վայրի կենդանիների ու թռչունների ապաստարան և վերականգնողական կենտրոն։

Սիմբայի հետևի թաթերը կոտրված են եղել։ Կարեն Դալլաքյանի և նրա թիմի ջանքերի շնորհիվ Սիմբա կորյունը արդեն քայլում է, զբոսնում է ապաստարանի տարածքով, խաղում է իր խաղալիքներով։

Նշենք, որ Չելյաբինսկի աշխատանքային թաղամասում գտնվող «Փրկիր ինձ» ապաստարանը փրկօղակ է կենդանիների համար։ Դրա հիմնադիր, անասնաբույժ Կարեն Դալլաքյանը ոչ միայն բուժում է կենդանիներին, այլև խնամում, փրկում է նրանց կյանքը։ Կենդանիների հայ պաշտպանին ճանաչում է ամբողջ Սիբիրը։