Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

Մինչև վիրահատության ենթարկվելը Ռոբերտ Քոչարյանը դեղորայքային բուժում կստանա, որպեսզի վիճակը կայունանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Քոչարյանի առողջական վիճակում, ճիշտ է, դրական տեղաշարժ կա, սակայն նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց Չարչյանը։

Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին

Նրա խոսքով` այս պահին դեռ հետազոտում են նրան։ Չարչյանը հայտնեց նաև, որ մինչ վիրահատությունը դեղորայքային բուժում կիրականացվի` վիրահատությունից առաջ վիճակը կայունացնելու համար։

Իսկ թե երբ կլինի վիրահատությունը և խոսքն ինչ ծավալներով վիրահատության մասին է` Չարչյանը նշեց, թե այդ մասին տեղեկություն տրամադրել չի կարող։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին տեղեկություն տարածվեց որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։ Դրանից հետո Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հոր մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են։ Նա ասել էր, որ ուռուցքը բարորակ է եղել։

Քոչարյանը ռիսկային խմբում է. պաշտպանը կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: