ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից:
«Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է»,– ասել է նա։
Նաղդալյանի խոսքով` ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին:
«Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»,– ասել է նա:
ՀՀ–ում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով. Փաշինյան
Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը պատրաստ է կնքել ՀՀ կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի մասին հուշագիրը, բայց ռուսական կողմը նորից առաջարկել էր շտկել փաստաթղթի տեքստը։
Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին