Հայաստանը հավակնոտ օրակարգ ունի. Տիգրան Ավինյանի ուղերձը

Փոխվարչապետը վստահ է՝ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու զարգացող երկրներից անցնել զարգացածների շարքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով Facebook-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել: Նա նշել է, որ հենց աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեքներ ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը:

Շնորհավոր Մայիսի 1, և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

Ավինյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու զարգացող երկրներից անցնել զարգացածների շարքը:

«Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝ կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը: Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը»,- գրել է փոխվարչապետը՝ առանցքային համարելով նաև աշխատողների իրավունքների պաշտպանվածությունը:

Փոխվարչապետ Ավինյանը նկատել է՝ թեպետ այս հարցում զգալի ձեռբերումներ կան, բայց ցանկալիին դեռ չենք հասել: Իսկ դա հնարավոր է միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով: Նա վստահ է՝ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան: