«Առաջին հերթին շնորհավորում եմ բժիշկներին». Արմեն Սարգսյանի մայիսմեկյան ուղերձը

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են սովորականից ավելի ծանրաբեռնված, առանց տրտնջալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Աշխատանքի օրն այս տարի անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Օրվա կապակցությամբ շնորհավորելով աշխատավորներին` իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը;

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են ամենաբարձր գնահատականի, այդ թվում՝ նաև պետության կողմից հատուկ վերաբերմունքի և պարգևի»,–ասել է նախագահը։

Նա շնորհակալ է նաև բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են սովորականից ավելի ծանրաբեռնված, առանց տրտնջալու: Նրանք, ըստ նախագահի, գիտակցում են, որ իրենց ամեն մի լրացուցիչ ջանք կարող է առնվազն մեկ կյանք փրկել, մեկ ընտանիքի համար հաց ստեղծել, նպաստել քաղաքացու և երկրի անվտանգության պահպանությանը:

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը

Սարգսյանը գիտի` կորոնավիրուսի համավարակի պատճառով ոմանք ժամանակավորապես կտրվել են աշխատանքից, ոմանք կորցրել են աշխատանքն՝ իրենց ամենօրյա ապրուստի միակ միջոցը: Նախագահը հասկանում է նման ընտանիքների վիճակը և կիսում մտահոգությունները:

«Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում: Պետության աջակցության կարիք կա, նաև միմյանց ձեռքն ամուր բռնելու կարիք կա, որովհետև առանց իրար օգնելու չենք կարող առաջ շարժվել, առավել ևս՝ արտակարգ իրավիճակում: Դուք բոլորդ աշխատանքի մարդիկ եք, աշխատանք սիրող մարդիկ: Եվ բնավ կապ չունի, թե, արտակարգ իրավիճակով պայմանավորված, որտեղ եք այս պահին՝ տանը մեկուսացած, թե՞ շինհրապարակում, վիրահատական սեղանի առաջ, թե՞ գիտական թեզը շարունակելիս, ծառայության մեջ եք, թե՞ սպասում եք գործատուի զանգին»,–իր ուղերձում ասել է նախագահը:

Նրա խոսքով` այսօր անգամ ամենազարգացած և հարուստ երկրներում սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել. Հայաստանը նույնպես գտնվում է բարդ կացության մեջ: Մի կողմից՝ համավարակն իր հետևանքներով, մյուս կողմից՝ տնտեսական ու ֆինանսական խնդիրները, և դրանց կողքին՝ սոցիալական, մարդկային խնդիրները: Բոլոր դեպքերում էլ պետությունն առաջին հերթին և բոլորս անելիք ունենք։

Ելքը, ըստ նախագահի, պետություն-գործատու-աշխատող եռանկյունում է, որը պետք է լինի կուռ ամբողջություն: Սակայն լուծման ուղին առաջին հերթին պատասխանատվությունն է, կարգապահությունը, զգոնությունը և նաև հոգատարությունն աշխատող մարդու նկատմամբ, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք համավարակը և վերադառնանք բնականոն կյանքի:

Սարգսյանը նշել է նաև, որ մենք սովոր ենք դժվարություններ հաղթահարել, և այսօր էլ դա պետք է անենք միասին: Իսկ դա հաղթահարելը նույնպես աշխատանք է, որը ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող անել:

Հիշեցնենք, որ աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: