Աշխատանքի տոնը շատերը նշում են աշխատանքից զրկված

Եկեք անկեղծ լինենք։ Մայիսի մեկը, որը պաշտոնական տոնացույցով կոչվում է Աշխատանքի օր, միշտ էլ  բավական տարօրինակ օր է եղել։ Այսինքն` ողջ տարին աշխատում ենք, հետո մեկ օր դադար ենք տալիս և ուրախանում ենք, որ ողջ տարին աշխատել ենք։
Sputnik

 

Աշխատանքի տոնը շատերը նշում են աշխատանքից զրկված

Այս տարի այս տոնը կրկնակի տարօրինակ է, որովհետև այսօր նշում ենք Աշխատանքի տոնը, այնինչ արդեն երկար ժամանակ է կամ ընդհանրապես չենք աշխատում, կամ կիսատ-պռատ ենք աշխատում։ 

էլ չեմ ասում, որ մայիսի մեկը նշելու առիթը այն իրադարձություններն էին, որոնք կատարվեցին  ավելի քան 130 տարի առաջ Ամերիկայում՝ Չիկագոյում, մինչդեռ  այն երկրում, որտեղ աշխատավորների այդ ցույցերը տեղի են ունեցել՝ Միացյալ Նահանգներում, ամենևին չեն տոնում, այլ գերադասում են Աշխատանքի օրը նշել սեպտեմբերի սկզբին։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում կատարվեր մի պատմական իրադարձություն, որն ամեն տարի նշեին աշխարհի 140 երկրներում, իսկ մենք արհամարհեինք այդ օրը։

Սարգսյանն Աշխատանքի օրվա առթիվ ուղերձ է հղել

Ու նաև տասնամյակներ շարունակ նշելով մայիսի մեկը՝ «Սովետի օրոք» շքերթ կազմակերպելով Լենինի հրապարակում, միշտ այդ տոնը կապում էինք սոցիալիզմի հետ։ Կոմունիստները մինչև հիմա էլ կապում են։ Դուք երևի չեք հիշում, իսկ ես հիշում եմ՝ մի քանի տարի առաջ նախընտրական  քարոզարշավներից մեկի ժամանակ նրանց կարգախոսն էր՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»։ Այնինչ՝ սոցիալիզմի օրոք մենք՝ հայրենիքում ապրողներս,  առնվազն մի տասն անգամ ավելի քիչ էինք ստանում, քան մեր այն հայրենակիցները, որոնք ապրում էին հայրենիքից ու սոցիալիզմից հեռու փտող կապիտալիզմի հեռավոր երկրներում։ 

Բայց խոստովանենք՝ մայիսի առաջին օրը սոցիալիզմի ու կոմունիզմի հետ կապելու առիթ կա։ Հենց մայիսի մեկին տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն՝  1948 թվականի մայիսի մեկին ստեղծվեց Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը՝ ազգի առաջնորդ Կիմ Իր Սենի գլխավորությամբ, իսկ 1961 թվականի մայիսի մեկին՝ Ֆիդել Կաստրոն Կուբան հռչակեց սոցիալիստական պետություն։ Ընդ որում՝ աշխարհի բազմաթիվ պետություններում, այդ թվում նաև

, սոցիալիզմն, ինչպես ասում են, վաղուց արդեն ոչ ևս է, իսկ Կուբան ու Հյուսիսային Կորեան առաջվա պես համարվում են սոցիալիստական երկրներ։

Լուկաշենկոն և Բերդիմուհամեդովը հաղթեցին կորոնավիրուսին. ինչ վիճակ է նախկին ԽՍՀՄ երկրներում

Նախ՝ Կուբայի մասին։ Երբ Ֆիդել Կաստրոն այդ կղզին սոցիալիստական հռչակեց, միանգամից էլ վերացրեց ընտրությունները։ Հենց այդպես էլ ասաց․ «Ընտրություննե՞ր։ Մեր ինչին են պետք ընտրությունները»։ Հետո, իհարկե, ընտրությունների ինստիտուտը վերականգնվեց, բայց ախր գոնե իմ սերնդակիցները հիշում են, թե ինչպիսին էին ընտրությունները սոցիալիզմի ժամանակ՝ ընդամենը մեկ թեկնածու ու նշանակություն էլ չունի՝ դու նրա օգտին կքվեարկես, թե ոչ, միևնույն է՝ վերջում հայտարարվելու է, որ կողմ է քվեարկել 99,9 տոկոսը։

Շնորհավոր Մայիսի 1, և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին

Իհարկե, մինչև Կուբայում չվերանա ընտրությունների այս համակարգը, արմատապես ոչինչ չի փոխվի, բայց այն փոփոխությունները, որոնք արդեն կատարվում են, չեն կարող չտալ իրենց արդյունքները։ Գալիս է ինտերնետը, գալիս են ամերիկացիները։ Համացանցը որոշակի ազատություն է բերում, ամերիկացի զբոսաշրջիկները՝ փող։

Կուբացիները համացանցից կարող են տեղեկանալ, որ իրենց երկիրը տնտեսության ազատության տեսակետից աշխարհում երրորդ տեղում է՝ վերջից։ Իսկ վերջին տեղում Հյուսիսային Կորեան է։ Բայց այդ երկրի բնակիչները դրա մասին տեղյակ չեն, որովհետև այնտեղ համացանցը շատ քչերին է հասու։ Ավելին, այս օրերին այդ երկրի բնակիչները իսկի չգիտեն՝ իրենց առաջնորդը ո՞ղջ է, թե՞ ոչ։ 

Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

Իհարկե, եթե միջին հայաստանցուն հարցնես, հաստատ կասի՝ հետո ինչ, իրենք այդպես են կառուցել իրենց կյանքը, առանձնապես որևէ մեկին չեն խանգարում, Հյուսիսային Կորեան այն երկրներից չէ, որոնք հովանավորում են միջազգային ահաբեկչությունը, հանգիստ թողեք թող ապրեն, այնպես ինչպես ուզում են։ Լիովին համաձայն կլինեի, եթե չլիներ մի մտահոգիչ հանգամանք՝ ախր կարծես թե ատոմային ռումբ ունեն։ 
Լավ, մռայլ երանգներով չավարտեմ, սկսվել է նոր ամիսը, տոնով է սկսվել, առաջիկայում էլ տոներ են սպասվում։ Հույս ունենանք, որ այս տարվա  մայիսին ևս մի տոն կնշենք՝ բնականոն կյանքին վերադառնալու տոնը։