Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում որոշ մանրամասներ է ներկայացրել հայտնաբերված նոր դեպքերի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպքի գրանցումը մեկ օրվա ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության հերթական նիստում «վատ իմաստով ռեկորդային ցուցանիշ» անվանեց:

Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանցից մեկը 47 տարեկան է

«Արհեստական շնչառության սարքերին միացված այս պահին ունենք 6 քաղաքացի, ծանր վիճակում՝ 17, ծայրահեղ ծանր՝ 59: Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ շատ թեթեև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը: Բայց այդ որոշումն ընդունելու օրը մենք պետք է հասկանանք, որ դա բերելու է նաև նոր դեպքերի ավելացման: Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,- ասաց Թորոսյանը:

Նա նաև հայտնեց, որ գրանցված նոր 134 դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում իրար հետ փոխկապակցված անձինք, ինչը հույս է տալիս ենթադրելու, որ աճի այս տեմպը հետագա օրերին հնարավոր է` նվազի:

Աճի աննախադեպ մեծ թիվը, Թորոսյանի խոսքով, դարձյալ հետևանք է հուղարկավորության անցկացման:

«Հուղարկավորությանը վարակված անձ է մասնակցել ու մյուսներին վարակել: Դրա համար դարձյալ պիտի կոչ անենք հնարավորության դեպքում հուղարկավորությունների չմասնակցել ու չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,- ասաց Թորոսայնը:

Հիվանդների թվի ավելացումը չի հանգեցնի սահմանափակումների խստացման: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ ծրագրվող ռեժիմի թեթևացումը մայիսի 4-ից ու տնտեսական որոշ տեսակների բացումը ներկա պահին դեռ մնում է ուժի մեջ: Բայց, ինչպես նշեց պարետը, ամեն ինչ կախված կլինի հետագա օրերին գրանցվող իրավիճակից:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 134–ով և դարձավ 2066։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 929 մարդ, փաստացի բուժվողները 1103–ն են, անցկացվել է 21 125 թեստավորում։ Մահացածների թիվը 32 է։

Մեկ օրում` 134 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2066–ի