ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի ուղիղ եթերում զանգահարում է այն քաղաքացիների բանակարաններ, որոնց հոսանքն այս օրերին անջատել են:
«Խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Ուզում եմ հասկանալ իրավիճակը»,–ասաց Փաշինյանն ու սկսեց զանգեր կատարել։
Հենց առաջին իսկ հեռախոսազանգին պատասխանեց մի կին, որն ասաց, որ արդեն 5 օր է` հուսանքն անջատել են, քանի որ 50 000 դրամ պարտք ունեն։ Կինը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։
«Երկու տղա ունեմ. մեծս, որը նաև Ապրիլյան քառօրյային է մասնակցել, շինարարության գործ էր անում, բայց այս օրերին գործ չկա։ Ես էլ բնակարան եմ մաքրում, օրվա հացի գումար վաստակում։ Տանը 82 տարեկան սկեսրայր ունեմ, իսկ ամուսինս վիրահատված է, չի աշխատում»,–ասաց կինը` հավելելով, որ փոքր տղան էլ դիմել է պայմանագրային զինծառայության անցնելու համար։
Փաշինյանն ասաց, որ իր ֆոնդից կվճարեն կնոջ հոսանքի պարտքը։
Մեկ ուրիշ կին էլ ասաց, որ սպառած հոսանքի համար պարտքը շատ է, սակայն կարողացել է 30 000 դրամ վճարել այս ամսվա համար։ Կինն ասաց, որ 5 երեխա ու 9 թոռ ունի, որոնց մեծացրել է առանց ամուսնու։
Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան
«Տղաս 25 տարեկան է և երեք անրափահաս երեխա ունի։ Նա խոհարար է, բայց երկու ամիս է` չի աշխատում։ Երեկ 300 000 դրամ օգնություն ենք ստացել, բայց միայն 30 000 դրամն ենք վճարել, քանի որ երեխաների համար սնունդ է պետք եղել»,–ասաց կինը։
Նա հավելեց նաև, որ ընտրություններին բոլորի համար աշխատել է, այդ թվում` Փաշինյանի։
«Մեզ համար էլ եք աշխատե՞լ։ Հո ընտրակաշառք չե՞ք բաժանել»,–զարմացած հարցրեց Փաշինյանը։
Ի պատասխան կինը նշեց, որ ընտրակաշառք անգամ ինքը չի ստացել` ուր մնաց` ուրիշներին տար։ Հետո անկեղծացավ, թե թոռնիկը Փաշինյանի երգը շատ է սիրում, չնայած հիմա լացում է, քանի որ ատամը ցավում է։ Վարչապետն էլ արձագանքեց, թե անհանգիստ էր, քանի որ նրանց հասցեի դիմաց նշված էր, որ հոսանքն անջատվել է։
Հաջորդ հեռախոսազանգին պատասխանողը մի կին էր, որն ասաց` հանրակացարանում է բնակվում` երկու անչափահաս տղաների և անկողնային հիվանդ հոր հետ։ Աշխատել չի կարող, քանի որ հայրն իր խնամքի ներքո է։ Կինն ասաց նաև, որ 29 000 դրամ նպաստ են ստանում, որով էլ ապրում են։ Հունվար ամսից հոսանք չունեն։
Հերթական հեռախոսազանգին պատասխանեց մի տղամարդ, որն ասաց` հոսանքն անջատված չէ, ինքն էլ աշխատում է։ Իսկ Փաշինյանի հարցին, թե որտե՞ղ է աշխատում` քաղաքացին արձագանքեց, թե չի կարող ասել` «գաղտնիք է»։ Սակայն կարճ ժամանակ անց քաղաքացին անկեղծացավ` ատամնաբույժ է։ Ի պատասխան Փաշինյանն էլ նշեց, որ քիչ առաջ մի քաղաքացու հետ էր խոսում, որի երեխայի ատամը ցավում էր և խնդրեց սպասարկել այդ երեխային։ Քաղաքացին հայտնեց, որ Փաշինյանի անունից շատ է զանգեր ստացել, ինչի համար էլ կաշկանդված էր ու նորմալ չէր պատասխանում հարցերին։
Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ հոսանքը չեն անջատել, բայց զգուշացրել են, որ վճարում չկատարելու դեպքում կարող է և անջատեն։
Դեղագործական ոլորտում աշխատող տղամարդը պատմեց` կնոջը, որը «Հայաստանի աստվածաշնչյան ընկերությունում» է աշխատել, աշխատանքից ազատել են այս ընթացքում, և տան միակ աշխատողն ինքն է։
Փաշինյանի հերթական հեռախոսազանգին պատասխանողը միայնակ մայր էր, որն ասաց` տանը հոսանք չկա` վճարում չկատարելու համար անջատել են։ Կինը պատմեց` 3 տարեկան երեխա ունի, իսկ ամուսինը մահացել է։ Օգնություն չի ստացել, քանի որ աշխատանք ունի` Հայաստանի ազգային պատկերասրահում է աշխատել։
«Ես 68 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, 3.5 տարեկան աղջիկ ունեմ` Անգելինան։ Ձմեռը դժվար ենք հանում, բայց առողջ կին եմ, կաշխատեմ, կվճարեմ։ Այս պահին 90 000 դրամ է հոսանքի պարտքը»,–ասաց կինը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանքը և 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազար և ավելի դրամ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ