Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը հանդիպել են. լուսանկար

Երկուսն էլ կարծում են, որ արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունը պետք է ապահովվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik.Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ու նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել են։ Տեղեկությունը հայտնում է Մայիլյանը։

«Քննարկել ենք Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Մայիլյանի` երկուստեք կարևորել են վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք՝ մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մրցապայքարում էին մնացել նախկին վարչապետ (պետնախարար), «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը։

Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել էր 39 860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5 428: