Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ–ն. գլխավոր դատախազ

ՀՀ ԱԺ փոխնախագահի ու «Ադեկվադ» միաբանության համահիմնադրի միջև տեղի ունեցած միջադեպով նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ուղարկել ՀՔԾ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողներին ասաց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ առայժմ հարուցված չէ: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվել, որոնք իր հանձնարարությամբ այսօր փոխանցվել են ՀՔԾ՝ հետագա ընթացքի իրականացման համար: 

«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը

Գլխավոր դատախազը հերքեց նաև Արթուր Դանիելյանի ձերբակալության մասին լուերերը՝ ասելով. «Ձերբակալել մարդուն կարելի է միայն հարուցված քրեական գործով: Իսկ այս գործով հարուցված քրեական գործ չկա»:

Հիշեցնենք` երեկ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա՝ հրապարակելով վերջինիս` արյունոտ դեմքով լուսանկարը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել էր, որ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց

Գիշերը Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արթուր Դանիելյանին ապրիլի 29–ին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք ստացել, դրա համար էլ գլխով հարվածել ու ջարդել է նրա քիթը։ Սիմոնյանը հայտարարեց, որ չի զղջում արածի համար, և որ ցանկացած հայ տղամարդ, որն ունի արժանապատվություն, այդ իրավիճակում նույնկերպ կվարվեր։

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել