Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Սիմոնյան–Դանիելյան միջադեպի հետևում այն մարդիկ են, որոնք մտահոգություններ ունեն ԱԺ–ի` օրերս ընդունած օրենքի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում ինչ–որ մարդիկ են կանգնած, որոնք մտահոգություններ ունեն ապօրինի ձեռք բերված գույքի առնչությամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Երեկ գիշեր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արթուր Դանիելյանին ապրիլի 29–ին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք ստացել, դրա համար էլ գլխով հարվածել ու ջարդել է նրա քիթը։ Սիմոնյանը հայտարարեց, որ չի զղջում արածի համար, և որ ցանկացած հայ տղամարդ, որն ունի արժանապատվություն, այդ իրավիճակում նույնկերպ կվարվեր։

«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը

Ի դեպ, օրեր առաջ ԱԺ–ն ընդունեց ապօրինի գույքի հետ կապված մի նախագիծ, ըստ որի` ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման: Ալեն Սիմոնյանը կողմ էր օրենքի ընդունմանը։

«Ապօրինի ձեռք բերված գույքի մասին օրենքի ընդունումն ու այդ օրենքի մասին Ալեն Սիմոնյանի ելույթները կապված են երեկվա դեպքի հետ։ Այսինքն` ինչ–որ մարդիկ կան այս ամենի հետևում` նրանք, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել և որոշակի մտահոգություններ ունեն։ Այս ամենը փոխկապակցված է»,–ասաց Մակունցը։

Նա նշեց` համոզված է, որ Սիմոնյանի և Դանիելյանի միջև տեղի ունեցածի առնչությամբ իրավական գործընթաց կսկսվի։ Մակունցի խոսքով` այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք` այն հետևանք է սեռական բնույթի հայհոյանքների, բռնության կոչերի, հանրային սպառնալիքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց տիրույթից տեղափոխվել են իրական կյանք։

Մակունցի խոսքով` սա առնչվում է ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այլ բոլոր ՀՀ քաղաքացիներին, և հենց այս տիրույթում է պետք դիտարկել երևույթը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց` այնպես չէ, որ արդարացնում են որևէ մեկին, ի վերջո, կատարվածի վերջնական գնահատականն իրավապահները կտան, սակայն տեղի ունեցածն, ըստ Մակունցի, ՀՀ քաղաքացու արժանապատվության և անվտանգության հարց է։

Հիշեցնենք` երեկ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա՝ հրապարակելով վերջինիս` արյունոտ դեմքով լուսանկարը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել էր, որ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել