«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը

Միաբանությունը նշում է, որ միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը և մասնավորապես` Ալեն Սիմոնյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ալեն Սիմոնյանը զոհ չէ։ Նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով: Նման կերպ է արձագանքել «Ադեկվադ» միաբանությունն իր համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպի մասին` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի պարզաբանումներին։

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

Գիշերն Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արթուր Դանիելյանին ապրիլի 29–ին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք ստացել, դրա համար էլ գլխով հարվածել ու ջարդել է նրա քիթը։ Սիմոնյանը հայտարարեց, որ չի զղջում արածի համար, և որ ցանկացած հայ տղամարդ, որն ունի արժանապատվություն, այդ իրավիճակում նույնկերպ կվարվեր։

«Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահ սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամեն ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա»,–ասվում է «Ադեկվադի»` Facebook-ի էջում արված հայտարարության մեջ:

Միաբանությունը նշում է, որ միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը և մասնավորապես` Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք` երեկ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա՝ հրապարակելով վերջինիս` արյունոտ դեմքով լուսանկարը։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել էր, որ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։