ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում խոսել է այսօրվա աղմկահարույց միջադեպի մասին։ Նա հայտնել է, որ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, բայց արժանացել է հայհոյանքի։
«Ընկերոջս հետ աշխատանքից հետո գնում էի տուն, հանդիպեցի Արթուր Դանիելյանին, բարևեցի նրան, որին ի պատասխան նա ինձ ամենավերջին սեռական հայհոյանքը հասցրեց։ Դրանից հետո ես գլխով հարվածեցի նրան»,- ասաց նա։
Սիմոնյանը վերհիշեց, որ տարիներ առաջ, երբ ինքն աշխատում էր լրատվամիջոցներից մեկում, Դանիելյանը իր հետ կոնֆլիկտ է ունեցել՝ պահանջելով իր հրապարակած նյութերից մեկը հեռացնել կայքից, սակայն ինքը հրաժարվել է նրա պահանջը կատարել։
Սիմոնյանը շեշտեց, որ չի զղջում իր արածի համար և պատրաստ է կրել միջադեպի հետևանքների պատասխանատվությունը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել: Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի` արյունոտ դեմքով լուսանկարը և նշելով, որ Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։
Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։
Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը մերժելի երևույթ է. ՄԻՊ–ը` Սիմոնյանի ելույթի մասին