ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի Sputnik. Բուհերի ընդունելության քննությունների ժամանակ այս տարի կկարևորեն մասնագիտությանը, իսկ դիմորդներին որոշակի առավելություններ կհատկացվեն։ Այս մասին Facebօok–ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` մանրամասնելով, թե ինչպես են այս տարի կազմակերպվելու քննությունները։
«Ինչպես տեղեկացրել էի, դիմորդները կհանձնեն մեկ քննություն։ Եթե, օրինակ, արաբագիտության բաժինն են ընտրել որոշ խումբ ուսանողներ, ապա քանի դեռ դրական գնահատական ստացողները չեն լրացրել տվյալ բաժնի տեղերը, մյուս բաժին դիմածները չեն ընդգրկվելու արաբագիտության ֆակուլտետ անգամ ավելի բարձր գնահատականներ ունեցողները»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` դիմորդը կարող է 2 անվճար և 8 վճարովի տեղերի մրցույթին մասնակցել` մեկ առարկայից քննություն հանձնելով։ Քննություններին մասնակցելու համար նոր հայտագրումն կիրականացվի մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը` գնահատման և թեստավորման կենտրոնում ստեղծված էջի միջոցով։
Նախարարը հիշեցրեց` միասնական և ներբուհական քննությունները կանցկացվեն մեկ փուլով` հուլիսի առաջին տասնօրյակում։
Հարությունյանը հայտնեց նաև, որ հավասար միավոր ստանալու դեպքում առավելություն է տրվելու (ըստ հերթականության)` մեդալակիր դիմորդներին, միջազգային և հանրապետական մրցույթում հաղթողներին, օլիմպիադաներում 1-ին կարգի դիպլոմ ունեցողներին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն կայանա, իսկ դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն մեկ քննություն հանձնելով։
Բուհ ընդունվողներն այս տարի միայն մեկ քննություն կհանձնեն. նախարար