ՄԻՊ–ն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Գավառ ու Նորատուս

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Գավառի դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել բերման ենթարկվածների ազգականներից ու փաստաբաններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Գավառ ու Նորատուս: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

«Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Գավառի դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են ստացել բերման ենթարկվածների ազգականներից ու փաստաբաններից: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված ու ձերբակալված անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ազատությունից զրկման հիմքերը: Պաշտպանի ներկայացուցիչներն առաջիկայում Գավառում և Նորատուսում հանդիպումներ կունենան նաև ոստիկանություն բերման ենթարկված անձանց ազգականների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 28–ին, ժամը 17։00-ի սահմանում Գավառում կրակոցներ են հնչել, երկու մարդ մահացել է, 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Հետո տեղեկություն տարածվեց, որ որոշ մարդիկ ներխուժել են Գավառի հիվանդանոց և վիրավորներից երկուսի պարանոցները կտրել։ Նշվում էր նաև, որ տեղում է եղել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

Այսօր ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցում որևէ մեկին չեն սպանել։

Գավառի կրակոցների դեպքով 5 մարդ է ձերբակալվել։