Դեռ վաղ է խոսել մթերման խնդիրների մասին. Խաչատրյանը վստահեցնում է` զբաղվում են այդ հարցով

Գյուղարտադրանքի մթերման հարցում մթերող կազմակերպություններին և նրանց միջոցով ֆերմերային տնտեսություններին տրամադրվող աջակցության շրջանակն ընդլայնվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած  ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ նախարարությունն արդեն իսկ զբաղվում է գյուղմթերքի իրացման առնչությամբ հնարավոր խնդիրներով։ 

«Դեռ վաղ է խոսել մթերման հետ կապված հարցերի մասին։ Չնայած դրան, մենք շարունակում ենք քննարկումները, թե ինչ պոտենցիալ խնդիրներ կարող են առաջանալ։ Օրինակ` կառավարության աջակցման ծրագրերից մեկն էլ գյուղարտադրանքի մթերման հարցում մթերող կազմակերպություններին և նրանց միջոցով ֆերմերային տնտեսություններին աջակցելն է»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` աջակցության նպատակն այն է, որ եթե մթերող կազմակերպությունը չունի բավարար դրամական միջոցներ անմիջապես մթերման պահին վճարում կատարելու համար, կառավարությունը հատկացնում է անտոկոս վարկեր։ Յուրաքանչյուր կազմակերպության տրամադրվում է 1.8 մլրդ դրամ։

«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել

Նախարարը հայտնեց, որ այս ծրագրից օգտվողների շրջանակն ընդլայնելու որոշում է կայացվել, քանի որ պարզվել է, որ, օրինակ, պահածոներ պատրաստելու տարաներ ձեռք բերելու համար ընկերությունը չի կարող առանց տոկոսի վարկ ստանալ։ Ուստի որոշում է կայացվել, որ շուտով այդ միջոցառումը կընդլայնվի և կտարածվի նաև այն գնումների վրա, որոնք անհրաժեշտ են պահածոյացման համար։

Խաչատրյանը նշեց, որ նախարարությունը թվով 20 կազմակերպությունների հետ, որոնք մթերմամբ են զբաղվում, կապ են պահպանում և բոլոր հնարավոր խնդիրներին անդրադառնալու են։

Հիշեցնենք, որ դեռ այս ամսվա սկզբին Sputnik Արմենիան այցելել էր Արմավիրի մարզի Տանձուտ համայնք, որտեղի բնակիչները հայտնում էին, որ կորոնավիրուսով պայմանավորված` արդեն իսկ խնդրի առաջ են կանգնել` չգիտեն ինչպես իրացնեն իրենց ջերմոցային մթերքը։

Կառավարության ծրագրերով աջակցություն ստանալու համար բազմաթիվ հայտեր են ստացվում