ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան.Հայաստանի իշխանությունը ոստիկանության համակարգում լայնածավալ բարեփոխումներ է նախաձեռնել։ Զուտ ուժային կառույցի փոխարեն երկրում ստեղծվելու է մի ամբողջ գերատեսչություն՝ Ներքին գործերի նախարարություն, որտեղ ոստիկանությունը լինելու է ընդամենը ստորաբաժանումներից մեկը։
ՀՀ կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսված փոփոխություններին։ Ըստ այդ փոփոխությունների` նախատեսվում է ոստիկանությունն ընդգրկել ստեղծվելիք ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմում, իսկ ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերափոխել ազգային գվարդիայի։
ՆԳՆ-ն քաղաքական պատասխանատվություն է կրելու համակարգի, նաև Ազգային գվարդիայի, պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման ծառայության բարեփոխման համար։
ՆԳՆ-ին են փոխանցվելու անձնագրերի, վիզաների վարչության կամ հաշվառման քննական կենտրոնների գործառույթները, ՃՈ գործառույթները նույնպես դուրս են բերվելու ոստիկանության համակարգից և լինելու են Ներքին գործերի նախարարության կառուցվածքում։
Բարեփոխումներով նախատեսվում է նաև լրջորեն վերանայել կադրերի պատրաստման համակարգն ու մեթոդաբանությունը։
Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Ներքին գործերի նախարարություն արդեն եղել է 1991 – 2002 թվականներին։ 2003 թվականի հունվարի մեկից ՆԳՆ-ն վերակազմավորվել է ոստիկանության։
2008-2011 թվականներին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ-ն վերադարձնելու գաղափարը քննարկվել է դեռ իր օրոք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հիշեցրեց, որ հիմա աշխարհի բազում երկրներում են նմանատիպ բարեփոխումներ իրականացվում։
«Վաղ թե ուշ սա պիտի լիներ։ Չեմ կարծում, թե բարեփոխումների անհրաժեշտությունը հենց հիմա է հասունացել։ Հավանաբար իշխանությունը նման շտապողականության համար լուրջ պատճառներ ունի։ Մենք դեռ 2009 թվականին քննարկել ենք Վրաստանի օրինակով վերափոխումների գաղափարը։ Ժամանակները փոխվում են, խնդիրներն էլ են փոխվում։ Հասկանալի է, որ մի օր բարեփոխումները պետք է այդպիսի արդյունքի հասնեին», - ասաց Սարգսյանը։
Նա կարծում է, որ այժմ դեռ վաղ է եզրակացություններ անել ՆԳՆ-ի «վերակենդանացման» դրական ու բացասական կողմերի և ուղեկցող փոփոխությունների մասին։ Պետք է այդ բարեփոխումները գործնականում էլ «աշխատեն»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ժամանակին ՆԳՆ-ն ոստիկանություն դարձել, Սարգսյանը հեգնանքով ենթադրեց, որ ոստիկանապետը շատ ավելի կառավարելի էր, քան ներքին գործերի նախարարը։
Իրավաբան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական վարչության պետ Սասուն Բաղդասարյանն էլ նշում է, որ ոստիկանական բարեփոխումը խորհրդարանական կառավարման համակարգի հրամայականն է։
«Տարիներ շարունակ ոստիկանության կառույցներն ընկալվում էին որպես իշխանության քաղաքական գործիք։ Հիմա հասունացել է այդ առանցքային իրավապահ համակարգը քաղաքական «հանգույցներից» ազատելու անհրաժեշտությունը», - ասաց փորձագետը մեզ հետ զրույցում։
Նա վստահ է, որ ՆԳՆ-ի ստեղծումը թույլ կտա խորհրդարանական և քաղաքացիական հսկողություն իրականացնել գերատեսչության նկատմամբ։ Տարիներ շարունակ խորհրդարանականները (հատկապես՝ ընդդիմադիր խմբակցությունների) բողոքում էին, որ ոստիկանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն չունեն։ Հիմա այդ բացթողումը կվերացվի, ինչի արդյունքում կաճի հանրության լայն զանգվածների վստահությունը ուժայինների նկատմամբ։
Բաղդասարյանի խոսքով՝ ոստիկանների աշխատանքում շեշտը կդրվի հանցագործությունների կանխարգելման վրա։ Այլ կերպ ասած՝ առաջնային խնդիր կդառնա ոչ այնքան իրավախախտումների դեմ պայքարը, որքան դրանց կանխարգելումը։
Խոսելով Ազգային գվարդիայի ստեղծման մասին՝ փորձագետն առաջին հերթին ուշադրություն հրավիրեց ապագա ստորաբաժանման ունիվերսալ գործառույթին։ Հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելուց բացի, Ազգային գվարդիան կներգրավվի նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում։
Իրավաբանը մեկ գործոն էլ առանձնացրեց՝ հարցի հոգեբանական կողմը։ Շատերի ընկալմամբ «Ազգային գվարդիա» արտահայտությունը շատ ավելի բարեհունչ է, քան «ներքին զորքերը»։