ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս կորոնավիրուսով վարակվելու և ուրիշներին վարակելու վտանգ չկա։
«Այնպես չէ, որ այլևս վտանգ չկա վարակելու հատկապես մեր տարեց և խրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին: Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։
Նրա խոսքով` վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում։ Սակայն նախարարությանը որոշակիորեն հաջողվել է աճի կորը հարթեցնել։
Թորոսյանը հայտնում է նաև, որ որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար: Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն, և դրանք, ըստ Թորոսյանի, պետք է լինեն կոլեկտիվ` բոլորի կողմից:
Նախարարը նշել է, որ պետք է շարունակել պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանել, դիմակ կրել, երբ հնարավոր է:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867–ի, 866-ն առողջացել են, այս պահին փաստացի բուժում են ստանում 971–ը: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19 296 թեստավորում, մահացել է 30 մարդ։
«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը