Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ հետազոտության արդյունքում պարզ կդառնա, թե ինչ որոշում կկայացվի հետագա բուժման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին

«Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Նշվում է, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը կրկին արձակուրդ ձևակերպել։

Քոչարյանը ռիսկային խմբում է. պաշտպանը կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել