ՌԱԴԻՈ

Պետք է ոչ թե հորդորել կոմունալ վճարումներ անել, այլ գումարը բաշխել ամիսների միջև. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կոմունալ վճարումների հետ կապված բուռն քննարկումներին և վարչապետի պարզաբանմանը, թե ինչու են մարդկանց հորդորում վճարումներ կատարել։
Sputnik
Պետք է ոչ թե հորդորել կոմունալ վճարումներ անել, այլ գումարը բաշխել ամիսների միջև. Պիպոյան

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` կան դեպքեր, երբ հնչող մտքերը ճիշտ են ու տրամաբանված, բայց պետք է ոչ թե փաստագրել, այլ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել կոնկրետ այս դեպքում։

«Երբ ասում ենք, որ էներգետիկ համակարգում կարող ենք ունենալ կոլապս, չեմ առարկում, որովհետև նման բան իսկապես հնարավոր է։ Այդուհանդերձ կարող ենք ունենալ մեկ այլ կոլապս։ Երբ չունենք համապատասխան ֆիլտրեր (իսկ նման դեպքում բավականին բարդ է ունենալ նման ֆիլտրեր), հետևաբար չենք կարողանա ճշգրիտ ուսումնասիրություն կատարել և պարզել, թե անձը վճարունակ էր, բայց չվճարեց, թե անվճարունակ էր և իրոք չէր կարող կատարել կոմունալ վճարումներ»,– նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանի կարծիքով` պետությունը պետք է հաշվի առներ ֆորսմաժորային վիճակը, երբ հաստատում էր արտակարգ իրավիճակ` քաղաքացիների համար սահմանելով պարտականություններ ու պարտավորություններ։ Ըստ այդմ` պարտավորությունները վերաբերում են նաև պետությանը, այսինքն` պետք է ապահովվի մարդկանց բնականոն կենսագործունեությունը, առավել ևս այնպիսի առանցքային հարցի առթիվ, ինչպիսին է սակագների վճարումը։

Ինչու է դադարեցվել որոշ բաժանորդների հոսանքի և գազի մատակարարումը. Փաշինյանը գիտի պատճառը

«Պետությունը պետք է համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունների` տվյալ դեպքում ՀԷՑ–ի և «Գազպրոմի» հետ բանակցեր ու հասկանար, թե որոնք են մինիմալ գումարները, որոնք անհրաժեշտ են վարչական և այլ ծախսերը հոգալու համար։ Պետությունը պետք է նաև երկարացներ նրանց հարկային պարտավորությունների ժամկետը, որոնք առաջացել են այս ընթացքում»,– նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանի կարծիքով` քաղաքացիներին էլ պետք է ոչ թե ասվեր կոմունալ վճարումներ անել, այլ գումարները պետք է բաշխվեին ամիսների միջև։ Դրանով իսկ չէր վտանգվի էներգետիկ համակարգը, իսկ մյուս կողմից քաղաքացիները չէին հոսանքազրկվի և գազամատակարարումից չէին զրկվի։

Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավել վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարում է վերացած։

Ավելի ուշ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ու ՀԷՑ–ը հայտարարեցին, որ փետրվար և մարտ ամիսներին ամսական մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիա և գազ սպառած բաժանորդների գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն առայժմ չեն դադարեցնի։