Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Արմեն Մարտիրոսյանը ժամանակին հայկական սպորտի անբաժան մասնիկն էր և իր ելույթներով միշտ էլ բարձր էր պահում մեր մարզական պատիվը: Բայց հիմա քչերն են հիշում, թե ինչպես էր Արմենը մեկնարկում, մրրիկի նման վազում ու հետո ցատկում:
Sputnik

Խաչիկ Չախոյան Sputnik Արմենիա

Եռացատկում Հայաստանը շատ քիչ նվաճումներ ունի, իսկ անկախ Հայաստանի պատմության մեջ Արմեն Մարտիրոսյանը միակ թեթև ատլետն է, որը մեդալ է վաստակել Եվրոպայի առաջնություններում:

1996 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 1996 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշել է իր անցած ուղին ու պատմել դժվարությունների մասին։

Ասֆալտն ու փոքր փոսը` մարզասրահի փոխարեն

94 թվականն էր։ Հայաստանը նոր էր անկախացել, ու բոլոր ոլորտները ձևավորման խնդիրների առաջ էին կանգնած։ Գյումրիի քաղաքային մարզադաշտում, որի կողքերն ասֆալտապատ էին, Արմենը վազում էր ու մարզվում, իսկ թռիչքները հղկում փոքր փոսի վրա:

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Նրա մարզումներին հետևող գյումրեցիներից ոմանք հիանում էին, ոմանք էլ զարմանում։ «Ապ ջան, էս տղեն անպայման մե բանիմ կհասնի: Ըսիգ, որ ստեղ ըսպես կմարզվի, պատկերացրեք, թե լավ պայմաններում ինչեր կռնա էնէ»,- ասում էին գյումրեցիները: Իսկ Արմենը ոչ մեկին չէր լսում: Նա ուներ նպատակ ու ուզում էր հասնել այդ նպատակին:

Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը մարզիկի կարիերան սկսել է 1981 թվականին, ու մինչև 1986 թվականը նրա մարզիչն էր Մկրտիչ Կարապետյանը: 1992-94թթ նրանք նորից մարզվել են միասին: Մարտիրոսյանի մարզական կարիերայի ընթացքում շատ այլ մարզիչներ էլ են եղել, ու մարզիկը բոլորին հիշում է և շնորհակալ է նրանց: 

Վատ պայմաններում` մաքսիմում արդյունք

Եթե հաշվի առնենք, որ Արմեն Մարտիրոսյանը շատ դժվար ժամանակահատվածում սկսեց ներկայացնել Հայաստանը տարբեր մրցաշարերում, կարելի է ասել, որ նա հասավ իր ուզածին: «Հայաստանը նոր էր անկախացել, անցումային շրջան էր, ոչ մի բանի մասին հստակ պատկերացում չունեինք, գումարած ես մարզավում էի ինքնուրույն՝ առանց մարզչի: Շատ դժվար էր, դրանում ոչ մի խոսք: Ինձ թվում է` պայմանները հաշվի առնելով` ես հասա մաքսիմում արդյունքի»,–ասում է նա:

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

Այն ժամանակ Հայաստանի ատլետիկայի հավաքական գոյություն չուներ։ Արմեն Մարտիրոսյանի համար որպես մարզիչ նշվում էր Հովհաննես Ստեփանյանի անունը, բայց, մարզիկի խոսքով, նա ավելի շատ խորհրդատու է եղել, այլ ոչ թե մարզիչ: «Մեկնում էի Ռուսաստան ու մարզվում այնտեղ: Շատ դեպքերում գնում էի իմ միջոցներով»,–հիշում է նա: 1995 թ–ին էլ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիան նրա համար տոմս է գնել ու ուղարկել ՌԴ Ռյազան` մարզվելու։  «Հայ երկու տղաներ էին, որոնք պետք է հովանավորեին իմ հավաքը: Բերեցին ինձ Ռյազան, մտա տուն ու տեսա, որ տանը նույնիսկ մահճակալ չկա: Ինձ օգնեց լրիվ անծանոթ մի ռուս ձյուդոիստ, որը պայմանավորվեց իմ մարզումների համար, ու երկու ամիս մնացի Ռյազանում»,-հիշում է Մարտիրոսյանը:

Կոնլիի նկարը` որպես ուղեցույց

Հեռացատկում Ռոբերտ Էմմիյանի 8 մ 86 սմ արդյունքը մինչև օրս էլ շարունակում է մնալ աշխարհում լավագույններից մեկը: Հայ անվանի հեռացտկորդի օրինակով է Արմեն Մարտիրոսյանը հարթել իր ուղին այդ մարզաձևում։ «Ես երբեք չեմ հերքի Էմմիյանի մեծ ատլետ լինելը: Բայց Ռոբերտ Էմմիյանը Խորհրդային ժամանակաշրջանի մարզիկ էր, որի թիկունքին կանգնած էր հզոր պետություն։ Եթե ես կամ Շիրակ Պողոսյանն էլ այն ժամանակ հանդես գայինք, կարող է և արդյունքները լրիվ այլ լինեին»,–ասում է ամենածանր ժամանակներում Հայաստանը ներկայացրած մարզիկը։

«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները

Ռոբերտ Էմմիյանին ու Հովհաննես Ստեփանյանին իր կուռքը համարելով հանդերձ` ուսանող տարիներին Արմեն Մարտիրոսյանն իր մահճակալի վերևում փակցրել էր աշխարհահռչակ եռացատկորդ Մայքլ Կոնլիի նկարը։ «Անգլիացի հանրահայտ եռացատկորդն առաջինն էր, ով ցատկեց 18 մետրից ավելի: Նա 1992 թվականին դարձավ օլիմպիական չեմպիոն: Ես դեռևս 1990 թվականին նրա նկարը խփեցի ու տակն էլ գրեցի` Ատլանտա: Ո՞վ կմտածեր, որ ութ տարի անց ես կմեկնեմ Ատլանտա ու կմրցեմ հենց Կոնլիի հետ, որը այդ խաղերում զբաղեցրեց չորրորդ տեղը»,- պատմում է Արմենը:

Աշխարհի ուժեղագույնների կողքին

1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Մարտիրոսյանը 16 մ  97 սմ արդյունքով զբաղեցրեց հինգերորդ տեղը: Ինչ-որ տեղ ցավալի է մոտ լինել պատվո պատվանդանին ու մրցանակային տեղ չզբաղեցնել, բայց Մարտիրոսյանն այլ կարծիքի է։ «Ավելին անել այդ մրցումներում հնարավոր չէր: Աշխարհի ուժեղագույն ցատկորդներն առաջին քառյակում էին, իսկ ես, իհարկե, ուրախացա, որ անմիջապես հաջորդում էի նրանց: Մարզաձևին գիտակ մարդիկ հասկացան, թե ինչքան բարձր արդյունքի հասա: Իսկ պետության կողմից 1000 դոլար պարգևատրում ստացա: Մենակ թե էնքան գնացի -եկա Երևան, որ էդ գումարը ճամփեքին ծախսեցի »,- գյումրեցու ակցենտով  ու ծիծաղով ասում է Մարտիրոսյանը:

Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ

Ներկայումս հանրահայտ մարզիկը աշխատում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դպրոցում. նա դաստիարակչական գծով փոխտնօրենն է: Մարզիչ աշխատել է, բայց ցանկություն չի ունեցել շարունակել` համարելով, որ չի կարող ստիպել մարզիկին անցնել այն դժվարին ու ծանր ճանապարհը, որով ինքն է անցել: Անկախ ամեն ինչից, եռացատկում Հայաստանի ռեկորդը շարունակում է պատկանել Արմեն Մարտիրոսյանին՝ 17 մ 44 սմ: