Ավտոբուսների մրցույթը վերջապես հայտարարվեց. Հայկ Մարության

Երևանի համար նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 100 ավտոբուսի մրցույթ է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ըստ քաղաքապետի` մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:

Հիշեցնենք, որ Մարությանը 2019թ–ի սեպտեմբերին հայտարարել էր, որ Երևանի տրանսպորտի խնդիրը կլուծվի երկու տարվա ընթացքում։

Կլուծվի՞ վերջապես Երևանի տրանսպորտի խնդիրը. քաղաքապետարանը շարունակում է բանակցությունները