Ալեքսանդր Եսայանի թիմը համաշխարհային կոնֆերանս կկազմակերպի Մոսկվայում

Կոնֆերանսը լինելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) երկրորդ խոշոր միջոցառումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայկական թիմը, որը կազմակերպել էր «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը, կզբաղվի Մոսկվայում կայանալիք խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսի կազմակերպման աշխատանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, WCIT 2019 համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Նրա խոսքով` կոնֆերանսը լինելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) երկրորդ խոշոր միջոցառումը և անցկացվելու է նորարարական քաղաքների թեմայի շուրջ։ Այժմ քննարկվում են կոնֆերանսի անցկացման ժամկետները (կա՛մ 2020 թվականի աշնանը, կա՛մ 2021 թվականի գարնանը)։

«Մեր թիմի համար սա հետաքրքիր մարտահրավեր է` հաշվի առնելով, որ աշխարհում կորոնավիրուսային համավարակ է, և քննարկվում է առցանց կամ օֆլայն հարթակներում աշխատանքների իրականացումը։ Միևնույն ժամանակ այս համաշխարհային կոնֆերանսը WCIT 2019–ին չի զիջելու իր հետաքրքրությամբ և ծավալուն աշխատանքներով», - նշեց կոմիտեի նախագահը։

Եսայանը նաև հավելեց, որ ողջ թիմը պատասխանատվությամբ է վերաբերվում հարցին, քանի որ սա Հայաստանի և հայ մասնագետների հեղինակությունն է: Դրանից բացի, կա նաև WCIT 2019 համաժողովից մնացած պատասխանատվությունը։ Կազմակերպիչները կոնֆերանսի կազմակերպման համար հենց նույն թիմին էլ ընտրել են։

Հիշեցնենք` WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում անցկացվեց հոկտեմբերի 6-9–ը։ Միջոցառմանը մասնակցելու համար Երևան էին ժամանել շուրջ 60 երկրների պատվիրակություններ։ Հատուկ համաժողովին մասնակցելու համար Հայաստանում էին առաջատար ընկերությունների ղեկավարներ, նախարարներ։ Երևանն այդ օրերին ընդունեց մի շարք ճանաչված անձանց, այդ թվում` Քիմ Քարդաշյանին, որը ժամանել էր երեխաների ու ավագ քրոջ` Քորթնիի ուղեկցությամբ, ամերիկահայ գործարար, Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին և աշխարհահռչակ ռոք երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանին։