Ինչու է դադարեցվել որոշ բաժանորդների հոսանքի և գազի մատակարարումը. Փաշինյանը գիտի պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին սոցցանցերում կոմունալ վճարումների հետ կապված բուռն քննարկումներին և բացատրեց, թե ինչու են մարդկանց հորդորում վճարումներ կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Արտակարգ դրության այս օրերին բազմաթիվ մարդիկ, որ կարող էին իրենց կոմունալ վճարումները կատարել, չեն կատարել, մտածելով, որ մեկ է՝ իրենց գազն ու լույսը չեն անջատի, փոխարենը այդ գումարը կօգտագործեն իրենց բիզնեսի համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին:

«Առաջիկա 10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»․ Փաշինյան

«Մենք սկզբում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, բայց այդ ժամանակ հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ: Զարգացավ այնպիսի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք հնարավորություն չունեն, այլ նաև նրանք, որոնք հնարավորություն ունեն: Մենք տեսանք, որ նաև հարուստ մարդիկ սկսել են չվճարել, որի պատճառն այն է, որ կառավարությունն ասել է, որ անջատումներ չեն լինելու»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ստացվում է՝ բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին ու աշխատողներին, հետևաբար չեն կարողանում վճարել հարկեր:

ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին

«Դրա հետևանքով առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ: Բայց ամենակարևոր ռիսկն այն է, որ համակարգը կարող է քանդվել: Այսինքն՝ կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու մասին, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի: Հետևաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ 5 հազար քաղաքացու հոսանքն անջատենք, թե չանջատենք, այլ նրա մեջ՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե չի լինելու»,- շեշտեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում 7 մլրդ դրամին մոտ վճարումներ են եղել համակարգ:

«Այսինքն՝ բազմաթիվ մարդիկ կային, որ կարող էին վճարել, բայց մտածում էին՝ որ չեն անջատելու, չվճարենք: Ընդ որում՝ դրանց մեջ կան խոշոր բաժանորդներ: Մենք սրանով համակարգը փրկեցինք կոլապսից»,- նշեց Փաշինյանը:

Կոմունալ վճարումները արտակարգ դրության ժամանակ․ ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտրվե՞ն

Վարչապետը ներկայացրեց, որ Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանքը և 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազար և ավելի դրամ:

«Այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում, նրանց հոսանքն, այո, պետք է անջատվի: Հակառակ դեպքում կստացվի, որ անապահովների շվաքի տակ էդ մարդիկ փողը գրպաններում պահում են, որ իրենց տաք լինի կամ բիզնես ունեն, տանում են էդ բիզնեսի մեջ դնեն»,-ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։