Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ստեղծված տնտեսական իրավիճակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած տեսակապի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ Ադրբեջանի հասարակությունը դժգոհ է կորոնավիրուսի շրջանում իր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից: Նա այս եզրահանգումն արել է` հետևելով ադրբեջանական մամուլին ու սոցիալական կայքերում ադրբեջանցիների գրառումներին:

«Նշվում է, որ բազմաթիվ խոշոր կազմակերպություններ և կորպորացիաներ սննկացման եզրին են: Իմ խորին համոզմամբ` դա պայմանավորված է ոչ միայն կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով, այլ դրան զուգահեռ` նավթի գների տատանումներով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում, որքանով հետևել եմ սոցցանցերում առկա քննարկումներին, բավականին դժգոհ էին իշխանությունների վարած սոցիալական աջակցության քաղաքականությունից, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից, նշվում է նաև, որ այս ընթացքում ոչ մի բան չի ձեռնարկվել»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանություններն առիթը բաց չեն թողել ընդդիմությանը հերթական անգամ դավաճանության մեջ մեղադրելու համար: Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ` բոլոր նրանք, ովքեր այս օրերին փորձ են արել քննադատելու ընդդիմության գործելաոճը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից որակվել են որպես դավաճաններ:

Կորոնավիրոսի պայմաններում Ադրբեջանն ավելի շատ է խախտում հրադադարի ռեժիմը

ՀՀ ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ այս փաստը չէր վրիպել անգամ ԵԽԽՎ-ի ուշադրությունից: Եվրոպական կառույցը քննադատել էր այդ երկրի իշխանությունների նման պահվածքը հատկապես համաճարակի օրերին:

Հայրապետյանը հայտնեց նաև, որ ըստ սոցիալական կայքերում տարածված տեղեկատվության` կորոնավիրուսի դեպքեր կան նաև ադրբեջանական բանակում, թեև պաշտոնական վիճակագրությունը դրանք չի հաստատում:

«Սոցցանցերում որոշակի ոչ հաստատված լուրեր են պտտվում նաև Ադրբեջանի բանակում վարակաի տարածվածության վերաբերյալ: Բայց դրանք չհաստատված լուրեր են»,- ասաց պատգամավորը:

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարում անգամ նստարաններն են օգտագործում

Նա հայտնեց, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում վարակվածների թիվը 1645 է, մահվան դեպքերը՝ 21, առողջացածներինը՝ 1139:
Ադրբեջանի գծով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ևս կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը չի համապատասխանում այդ երկրում վարակի տարածվածության իրական պատկերին: Փորձագետը Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության սեփական ուսումնասիրությունն է արել ու հայտնաբերել որոշ սխալներ:

«Ես կարծում եմ, որ միտումնավոր կերպով փորձում են վարակվածների թիվը սխալ ներկայացնել: Մասնավորապես` Նախիջևանի դեպքում իրական ծավալները թաքցնում են»,- ասաց նա՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ այդ տարածքի մասին վերջին տվյալը հայտնվել է ապրիլի 13-ին, այն դեպքում, երբ այստեղ էին տեղափոխել մեծ թվով մեկուսացվածների:

Ինչ վերաբերում է տնտեսական իրողություններին, փորձագետը նշեց, որ Ադրբեջանի 2020թ.-ի բյուջեն հաշվարկվել է նավթի 1 բարելի դիմաց 55 դոլար գնով, մինչդեռ այսօր նավթի միջազգային գինը 20 դոլարից էլ ցածր է: Բացի այս, «OPEC+»-ի պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը կրճատել է նաև նավթի արտահանման ծավալները: Արդյունքում, Տարոն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի պահուստային միջոցներն այս պահին արդեն նվազել են 200 մլրդ դոլարով: Նույն չափով, ըստ կանխատեսումների, տարվա ընթացքում կնվազեն նաև Կենտրոնական բանկի պահուստային միջոցները:

«Հուսով եմ` Ադրբեջանը պատասխանատվություն կունենա իր ժողովրդի հանդեպ». Մնացականյան