Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար

Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականներ կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարի հայաստանյան դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի:

Կորոնավիրուսն ամառային զորակոչին չի խանգարի. կառավարությունը որոշել է ժամկետը

Նա նշեց, որ որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:

Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի` մինչև մարտի 13-ը ունեցած գնահատականների հիման վրա:

«Հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են անցյալ տարեվերջին, նրանց հնարավորություն է տրվում ընտրելու` պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»,- ասաց նախարարը:

Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց նաև, որ նույն կարգը կգործի նաև քոլեջներում ու ուսումնարաններում:  Այս ուսումնական հաստատություններում ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:

Նախարարը նշեց, որ որոշումներն ընդունվել են անվտանգության նկատառումներից ելնելով, ամեն ինչ արվել է զորակոչի ընթացքը որևէ կերպ չխոչընդոտելու համար:

Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին, Հարությունյանի խոսքով, հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:

Ինչ է արվում մարզերում հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների խնդիրը լուծելու համար

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել: Փակվել են մշակութային օջախներն ու ուսումնական հաստատությունները, վերջիններս անցել են հեռավար ուսուցման:

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը