Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան հարաբերություններին ու կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ձևավորվող նոր իրողություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. Իրանի և Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը սառեցված չեն: Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ տեղեկությունը հաղորդեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Դիվանագետը նաև հայտնեց, որ երկու երկրներում պատրաստվում են առաջիկայում վերսկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային երրորդ գծի կառուցման աշխատանքները:

Իրանը մտադիր է վերականգնել երկրի գավառների միջև տեղաշարժը

«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված` արդեն պատրաստվում են աշխատանքներ իրականացնել, պատրաստվում ենք 60 մարդ ուղարկել այստեղից»,- ասաց դեսպանը:

Արտաշես Թումանյանը նաև հայտնեց, որ Իրանի հետ Հայաստանի տնտեսական ծրագրերը գրեթե նույն թափով են իրականացվում, ինչ մինչև համավարակը: Օրինակ, ըստ դեսպանի, Իրանից Հայաստան բեռնափոխադրումների ծավալը գրեթե անփոփոխ է մնացել: Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան արտահանումներին, Արտաշես Թումանյանը չհերքեց, որ դրանք առայժմ ցանկալի մակարդակի վրա չեն:

Իրան–Հայաստան բեռնափոխադրվող ապրանքների ցանկը նորից կընդլայնվի՞

Դիվանագետի դիտարկմամբ` կորոնավիրուսն Իրանի համար նույնիսկ որոշակի դրական փոփոխությունների հանգեցրեց արտաքին հարաբերություններում: Թումանյանի դիտարկմամբ` Իրանը ներկա պահին Եվրոպայի հետ հարաբերությունների ակտիվացման որոշակի երևացող ու աներևույթ փուլեր է անցնում: Անգամ ԱՄՆ-ն որոշ հանդուրժողականության նշաններ է ցույց տալիս:

«Այսօր ես ոչ պաշտոնական տեղեկություն եմ ստացել մեր դիվանագիտական աղբյուրներից, որ ԱՄՆ-ի հետ քննարկվում է Հարավային Կորեայում ու Ճապոնիայում սառեցված միջոցները հօգուտ այս իրադրության բարելավման օգտագործելու»,- ասաց Թումանյանը:

Նա կանխատեսեց, որ կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային աշխարհակարգում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որոնք, ըստ նրա, Հայաստանը պետք է հաշվի առնի:

Հիշեցնենք՝ Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրագիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։

Նոր գիծը թույլ կտա եռապատկել (ներկայիս 350 ՄՎտ) էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:

Ծրագրի վերջին փուլը նախատեսվում էր ավարտել 2019 թվականի սեպտեմբերին, սակայն հուլիսի 1-2-ին Թեհրանում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ոսկանյան. «Գուցե համավարակը պատճառ դառնա, որ Իրանն ու ԱՄՆ–ն գնան որոշակի զիջումների»