ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Լավագույն դեպքում 2–3 ամիս ապրանքաշրջանառության խիստ պակաս կզգացվի»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում աշխատող փոքր ու միջին ձեռնարկությունների վիճակին։
Sputnik
Գրիգորյան. «Լավագույն դեպքում 2–3 ամիս ապրանքաշրջանառության խիստ պակաս կզգացվի»

Սամսոն Գրիգորյանը նշում է, որ ՓՄՁ–ներն ընդհանուր առմամբ այժմ շատ վատ վիճակում են, քանի որ արտակարգ դրությունը բավականին երկար տևեց մեր երկրում, արդեն մեկ ամիսը լրացավ, ինչ նրանք մատնված են հարկադիր պարապուրդի, և այս վիճակը դեռ կշարունակվի առնվազն երկու շաբաթ։

«Կառավարության հատկացրած օժանդակությունները ՓՄՁ–ներին կօգնեն ուղղակի օրվա հացի խնդիր լուծել` պահպանելով գոյատևումը։ Նման ծրագրերը բիզնեսին չեն կարող լուրջ աջակցություն ցուցաբերել, քանի որ աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որը կարող է հիմա փակել բիզնեսի բոլոր կորուստները»,–նշում է գործարարը։

Գրիգորյանի դիտարկմամբ` ճգնաժամը շարունակաբար ազդեցություն կունենա հատկապես ՓՄՁ–ների վրա, որովհետև մարդկանց գնողունակությունը համատարած ընկած է ոչ միայն Հայաստանում, ինչն ամենամտահոգիչն է այս պահին։ Ըստ նրա` լավագույն դեպքում երկու–երեք ամիս երկրում ապրանքաշրջանառության խիստ պակաս կզգացվի։

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից

«Քանի որ խնդիրը գլոբալ է, ուստի չարժե լուրջ սպասելիքներ ունենալ, որովհետև հայտնի չէ, թե հարվածը որ կողմից կգա։ Աշխարհն ամբողջությամբ թաղվելու է տնտեսական ճգնաժամի մեջ։ Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի կայուն պահել սոցիալական մթնոլորտը երկրում` փորձելով առավելագույնս նվազեցնել աշխատատեղերի կրճատումը, թեև այստեղ որոշակի կորուստներն անխուսափելի են։ Պետությունը պետք է այնպես անի, որ շուկա լցվեն ֆինանսական միջոցներ, որպեսզի ապահովվի անհրաժեշտ ապրանքաշրջանառությունը` ուշադրություն դարձնելով հատկապես այն ոլորտներին, որոնք ապահովում են գումարի առկայությունը»,– ասում է գործարարը։

Անդրադառնալով համավարակից հետո հարկային զեղչեր կիրառելու հարցին` Գրիգորյանը նշում է, որ հարկերի գանձման պահն ուղիղ կապ ունի սոցիալական ապահովության հետ։ Այսինքն` եթե պետությունը հրաժարվի որոշ հարկերից, ապա պետք է հրաժարվի նաև սոցիալական ծրագրերից, ինչը վիճելի հարց է, հետևաբար չարժե այս առումով պահանջներ դնել, որովհետև առաջնայինը սոցիալական գործոնն է, ինչը պետք է անպայման պահպանվի։

Որոշ սահմանափակումներ կմեղմացվե՞ն. շուտով կլինի պարետի նոր որոշումը

«Կասեցում» շարժման համակարգողի համոզմամբ` համավարակի հաղթահարումից հետո պետություն առաջնային երկու քայլերը պետք է լինեն` տնտեսության մեջ գումար ներմուծող, ներարկող միջոցների ձեռնարկումն ու շինարարության ոլորտում պետպատվերի ավելացումը։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փոքր և միջին ձեռնարկատերերին տրվող աջակցության` վարկերի տրամադրման պայմաններն ընդլայնվել են, ավելին` ընդլայնվել են նաև ոլորտները, որոնց ներկայացուցիչները կարող են դիմել այդ վարկերը ստանալու համար։

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան