Այսուհետ վատ աշխատողը պարգևավճար քիչ կստանա, կամ էլ չի ստանա. ԱԺ-ն վերանայում է կարգը

ԱԺ աշխատակազմի ղեկավարը որոշել է հրաժարվել բոլոր աշխատակիցներին հավասարաչափ պարգևատրելու կարգից: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը նա համարում է անընդունելի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակիցները, որոնք կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, այսուհետ կզրկվեն պարգևավճարներից՝ կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջությամբ: Նման որոշում է կայացրել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանն ու իր այդ որոշման մաին հայտնել Facebook-ի գրառման մեջ:

«Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- գրել է Գալստյանը:

Նույն որոշմամբ` ԱԺ այն աշխատակիցները, որոնք հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների ու պարգևատրումների:

Պարգևավճարների թեման ավելի բուռն կլինի 2-րդ եռամսյակում, երբ եկամուտները թերի կհավաքվեն

«Արդյունավետության բարձրացումը լինելու է անկասելի: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը համարում ենք անընդունելի»,- ասվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ԱԺ-ի աշխատակազմի ապրիլ ամսվա պարգևավճարները կազմել էին 35 064 525 դրամ: ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ այդ գումարը բաշխվել է 544 աշխատակիցների միջև՝ յուրաքանչյուրի ամսական աշխատավարձի 30%-ի չափով:

35 մլն դրամ պարգևավճար ԱԺ-ին. պետական համակարգը հավելավճարներից չի հրաժարվում